Սինգապուրը, Փարիզը և Հոնկոնգն կիսում են առաջին հորիզոնականը ապրուստի արժեքի ամենաթանկ քաղաքների վարկանիշում, որը կազմել է Economist Intelligence Unit հանդեսը, հայտնել է Bloomberg գործակալությունը:
Ավելի վաղ հինգ անգամ անընդմեջ Worldwide Cost of Living անվանումը կրող վարկանիշում ամենաթանկ քաղաքը դարձել է Սինգապուրը:
Ինչպես նշվում է, այդ երեք քաղաքում ապրուստի արժեքը յոթ տոկոսով ավելի բարձր է, քան Նյու Յորքում, որն զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը: Լոս Անջելեսն անցյալ տարվա համեմատությամբ բարձրացել է մի քանի դիրքով և տասներորդ տեղը կիսել իսրայելական Թել-Ավիվի հետ:
Առաջին տասնյակում տեղ են գտել Ցյուրիխ, Ժնև և Կոպենհագեն եվրոպական քաղաքները: Տասնյակում նաև հայտնվել են ճապոնական Օսակա քաղաքը և Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաքը: Ինչպես նշում է պարբերականը, ասիական քաղաքները բարձր դիրքեր են զբաղեցրել մթերքների ընդհանուր թանկության պատճառով:
Ամենաէժան քաղաք պարբերականը ճանաչել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը: