Բադասյանին վեթինգ չանելու կեսը կներեմ, եթե ՀԴՄ-ն էլեկտրոնային դարձնի, որ սարքը դադարի բիզնես ծախս հանդիսանալ, ինչը մարդկանց կսովորեցնի ծախսերը տեսնել ու կառավարել, ինչն էլ իր հերթին, եթե խորը նայենք, կտանի քաղաքացիների եկամուտների հայտարարագրմանը:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը։
- Ինչու՞ են իշխանությունները մտահոգվում ՀԱՊԿ վարկանիշի մասին, կարո՞ղ է Հայաստանը ՀԱՊԿ-ի «փիառշիկն» է․ Այվազյան
- ՊԵԿ-ը ներդրել է էլեկտրոնային ՀԴՄ համակարգ, որը կդառնա օնլայն առևտրի խթանման միջոց
«Վաղուց այս թեման չեմ բարձրաձայել, քանի որ բազմիցս դիմել եմ նախկին կառավարությանը՝ վարչապետի ապարատին, Էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին, բայց ամենախելամիտ, սակայն ոչ բավարար պատասխանը եղել է, որ եթե կարող եք ստեղծել և բավարարել ՀԴՄ չափանիշներին, ապա ստեղծեք ու օգտագործեք: Իսկ այստեղ խնդիրը միայն ստեղծելն ու օգտագործելը չէ: Գաղափարը կա, ստեղծողները կան: Դրանց մասին բարձրաձայնել եմ, հրապարակումներ ունեմ՝ հիմնավորած:
Անհրաժեշտ է, որ պետական քաղաքականության մեջ ներդրվի և սկսվի թվայնացնել հնարավորինս շատ ֆունկցիաներ թե՛ մասնավորի, թե՛ պետական հատվածում, հատկապես տնտեսական մասում: ՀԴՄ-ի թվայնացումը կարող է հանդիսանալ տնտեսական, նախկինում խոստացված, հեղափոխության սկիզբ, ինչը մոռացվել է:
Իսկ ես սովորաբար խոստումները չեմ մոռանում ու անկեղծ՝ չեմ չարացել, թերևս բոլորս անցել ենք քովիդի սահմանափակումներն ու դրա չարաբաստիկ հետևանքները կրում ենք ցայսօր, ինչպես նաև դավադիր պատերազմը, տեսել ենք հետպատերազմյան արհեստական ու կառավարելի վայրիվերումները, և այս ամենի հետևանքով սահմանների մինչև հիմա լարումներն ու բախումները:
Ես հիմա էլ հիշեցնում եմ՝ հույս տածելով, որ ներկայումս էյֆորիայի մեջ չէ իշխանությունը և ՀԴՄ տպաքանակի ավելացումը իրենց չեն ներարկում և իրենք էլ չեն ընկալում որպես տնտեսական հեղափոխություն:
Տնտեսական հեղափոխությունը նույնիսկ սահմաների բացվելով չի կարող ապահովվել, ոչ էլ բենզինի գինը իջեցնելով, ոչ էլ կալաշնիկովի «զբոռկա» անելով, և ոչ էլ ներդրում բերելով, այլ ներդրում կատարելով թվայնացման մեջ, ներդրում անելով թվային տեխնոլոգիաների, տեխնոլոգիաներ ստեղծող ֆիրմաների ու կառույցների մեջ:
Կոմունիկացիայի ու կապի զարգացմանը հավասար առաջարկ եմ անում, որը նաև կարող է արտահանվել ու ներդրվել այլ երկրներում նույնպես, տո ձեր սիրած ԵՏՄ-ում ու ԵՄ-ում էլ», – նշել է Այվազյանը: