Այս տարվա մարտ ամսին «Միքս մեդիա» ՍՊԸ-ի տնօրենի կողմից հաղորդում էր ներկայացվել Արցախի դատախազություն այն մասին, որ Արցախի տարածքում անհայտ աղբյուրից խլացվում են տվյալ ընկերության կողմից օրինական հիմունքներով օգտագործվող ռադիոհաճախականությունները:
Այս մասին գրում է Արցախի դատախազությունը։
- Հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարն ու Արցախի նախագահը
- Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան. օրակարգում 5 հարց է
«Հիշյալ հաղորդման հիման վրա 01.04.2021 թվականին հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացված նախաքննության ընթացքում համապատասխան մասնագիտական հիմնարկի մասնագետների կողմից «FM» ռադիոտիրույթի մի շարք հաճախականությունների չափագրման արդյունքում կազմված եզրակացության համաձայն 87-100 ՄՀՑ «FM» տիրույթում առկա է 3 վայրկյան և 7 վայրկյան պարբերականությամբ կրկնվող ազդանշան, որը ստացվում է ԱՀ Ասկերանի շրջանի ուղղությունից` ադրբեջանական կողմից, ինչը խլացնում է տեղական հաճախականությունները` այդպիսով խոչընդոտելով դրանց անխափան գործարկմանը: Քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է նաև, որ վերոհիշյալ խափանող ազդանշանը գործարկվում է նոր հաճախականությամբ նաև այն դեպքում, երբ Արցախում համապատասխան ռադիոհաճախականության օգտագործողի կողմից կատարվում է հաճախականության ալիքի փոփոխություն:
Վերոգրյալը հիմք է տալիս արձանագրելու, որ ադբեջանական կողմը նման միջոցներով միտումնավոր փորձում է խոչընդոտել Արցախում հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը` միաժամանակ գույքային վնաս հասցնելով նաև տնտեսվարող սուբյեկտներին:
Նշված քրեական գործով պարզված հանգամանքների մասին հաղորդվել են ինչպես Արցախի Հանրապետության իրավասու մարմիններին, այնպես էլ ԱՀ-ում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարին», – ասվում է Դատախազության տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

