fbpx
Էկո

Էկոնոմիկայի նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությամբ․ Քերոբյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։

Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից։

«Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը, Արշակ Ասլանյանը, Անի Իսպիրյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։

Վահան Քերոբյանը, կարևորելով ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը, համառոտ ծանոթացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածի հիմնական դրույթներին, դրանց իրագործման նպատակով նախանշված միջոցառումներին, խոսել իրականացվող բարեփոխումների մասին։

Կարևորագույն բարեփոխումների շարքում նախարարն առանձնացրել է հողային և ջրային ռեֆորմները և ընդգծել, որ նախարարության ուշադրության կենտրոնում է գյուղական համայնքներում զբոսաշրջության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերը, քանի որ դրանք կարող են նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը, ինչը թույլ կտա համայքներում ստեղծել աշխատանքի այլընտրանքներ։

Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով, Կառավարության տնտեսական ծրագրի դրույթները համահունչ են գյուղական համայնքների զարգացմանն ուղղված իրենց նպատակներին։ ՄԱԶԾ ներկայացուցիչները ներկայացրել են գյուղական համայնքներում իրենց կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները և խոսել ապագա անելիքների մասին, որոնք հիմնականում ուղղված են լինելու գյուղատնտեսության, զբոսաշրջության, փոքր և միջին ձեռնարկատիրության, գյուղական համայնքների զարգացմանը` արժեշղթաների ստեղծման միջոցով։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համատեղ ստեղծվող կանանց ձեռնարկատիրության և զբաղունակության զարգացման աքսելերատորի` «Աքսելերատոր#5. կանանց տնտեսական ներուժի հզորացման ազգային պլատֆորմ»–ի դերը տնտեսության առաջընթացի մեջ։

Կառավարությունը 155 մլն ՀՀ դրամ կհատկացնի աքսելերատորի ստեղծմանը։ Աքսելերատորի նպատակն է կանանց տնտեսական ներուժի իրացումը, և այն ուղղված է լինելու կանանց ձեռներեցության խթանմանը և աշխատաշուկայում կանանց պահանջվածության մակարդակի բարձրացմանը՝ վերջիններիս մրցակցային առավելությունների ընդգծման միջոցով։

Այս համատեքստում նախարար Քերոբյանն ընդգծել է կանանց դերի կարևորությունը տնտեսության մեջ և հավելել, որ Հայաստանում տնտեսության մեջ կանանց ողջ ներուժն իրացված չէ։ Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ իրականացվող ծրագրերն առավել կմեծացնեն կանանց դերը տնտեսության զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են կառավարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարության, զբոսաշրջության զարգացման ծրագրերի և կանաչ տնտեսության մասին։

Անդրադառնալով կանաչ տնտեսության զարգացման հարցերին՝ ՄԱԶԾ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այժմ կանաչ տնտեսության զարգացման ռազմավարություն են մշակում, որը համահունչ է կառավարության այսօրվա որդեգրած «կանաչ» քաղաքականությանը։

Ռազմավարությամբ նախատեսված գործողություններով նախատեսվում է ստեղծել հարթակ, որը կմիավորի քաղաքականություն մշակողներին և իրագործողներին։ Սա հնարավարություն կտա բազմակողմանի քննարկումներ իրականացնել կանաչ տնտեսության հարցերի շուրջ և գտնել լավագույն լուծումները։

«Կանաչ» օրակարգի մասին խոսելիս՝ նախարարը նշել է, որ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կանաչ տնտեսության ձևավորման հարցերին․ 2022թ․-ի հունվարի 1-ից ևս 3 տարով երկարաձգվեց արտոնյալ պայմաններով էլեկտրոմոբիլների ներկրումը։ Կառավարությունը նաև դիտարկում է Հայաստանում էլեկտրոմոբիլների արտադրության հնարավորությունները։

Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ այժմ էկոնոմիկայի նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությամբ։ Այս ոլորտում Հայաստանն ունի բավականին մեծ գիտական ներուժ և փորձ․ հայ գիտնականներին հաջողվել է ջրածնից արհեստական քարեր ստանալ։ Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությունը կարող է լայն հնարավորություններ ստեղծել տնտեսության «կանաչ» աճի համար։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը և համատեղ նոր ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացումը», – ասված է տարածված պաշտոնական հայտարարությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ