ԱԺ մարտի 27-ի նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Ձեզ է պատկանում արտահայտությունը, որ «մեզ պետք չեն այնպիսի ռեկտորներ, ովքեր ուսանողների առաջ դուռ են փակում»: Այսօր նույնպես, ինչպես նախկինում մի քանի անգամ, հատուկ ընդգծեցիք Ձեր ղեկավարած կառույցի կողմից աշխատանքի խրախուսման քաղաքականությունը, ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք ՀՀ-ում ռեկտորների, բուհերի այլ ղեկավարների աշխատանքի գնահատման չափանիշը դռներ բացել-փակելու մեջ է»:
Պետրոսյանը ապա հավելեց, որ իրավունք ունեն կասկածելու, բայց ինքը հորդորում է հավատալ՝ որևէ ռեկտորի անձի պաշտպանության հետ սա չի կապում, որևէ ռեկտորի կուռք չի սարքում, որևէ ռեկտորի նկարի տակ մոմ չի վառում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ պետք է գնահատական տան այն իրավիճակին, որ առկա է մեր բուհական համակարգում:
«Պետք է խոստովանենք, այն չի համապատասխանում այն չափանիշներին ու մարտահրավերներին, որ մեր երկրի առաջ կան, ու մեր բուհական համակարգում տիրում է արխայիկ մտածողությունը: Դա ինձ համար փաստ է, ինքնին այդպիսի չափանիշ, գուցե թե, դժվար է ձևակերպել, բայց դա շատ կարևոր բանի նշան է: Բուհական համակարգը, բուհերը բոլոր երկրներում առաջադիմության ու առաջադիմական գաղափարների կարևոր օջախներ են: Անկախության հռչակումից ի վեր բուհերը հակառակ պրոցեսի դերակատարումն են ունեցել, եղել են իշխանության ձեռքին բութ գործիք են եղել, այդ թվում՝ ուսանողների շրջանում ստեղծարար նախաձեռնություններ խեղդելու, բուհերը ավտորիտար համակարգի մաս սարքելու, ուսանողների սոցիալական վիճակը որպես քաղաքական գործիք օգտագործելու համար»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց՝ հեղափոխությունը սկսվել է ԵՊՀ դռները բացելով, և այդ դռները պետք է բաց մնան, ու այն ռեկտորը, որ չափահաս մարդու առաջ դուռը փակում է ու ասում է՝ դուրս պիտի չգաս, նոր Հայաստանում անելիք չունի:
«Գուցե կոշտ է, բայց այդպես է, այդ ռեկտորները պետք է հավաքեն իրենց իրերը ու գնան իրենց գործերով զբաղվելու: Նոր Հայաստանում համալսարան ղեկավարելը այլ առաքելություն է, այդտեղ չի կարող գործել այլ տրամաբանություն, կառավարությունը ապօրինի լծակներ չի օգտագործելու»,- ասաց նա: