ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին: Ընդունելությանը ներկա էին նաև ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները:
Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորել է վետերաններին՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի, Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման 28-ամյակի կապակցությամբ:
ԱԱԾ տնօրենն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ հենց նրանք են մեր հերոսական էջերի այն գործող անձինք, ովքեր պարգևել են մեզ այդ փառավոր հաղթանակները:
Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին ուղղված իր շնորհավորական խոսքում Է. Մարտիրոսյանն ասել է. «75 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակները խորհրդային մյուս ժողովուրդների հետ միասին պատերազմեցին ընդդեմ բռնության ու չարագործության՝ իրենց անձնազոհ կեցվածքով և նվիրվածությամբ: Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ մեր փոքր հանրապետությունն իր ծանրակշիռ լուման է ներդրել ֆաշիզմի դեմ պայքարում: Մենք դեռևս ունենք երջանիկ հնարավորություն` շփվելու այդ հերոսական իրադարձությունների մասնակիցների հետ։ Թող հաղթողների չխամրող փառքն ապրի դարեր` խիզախության և դիմացկունության վառ օրինակ ծառայելով սերունդներին»:
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ, ԱԱԾ տնօրենը դրամական պարգևով պարգևատրեց պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններ՝ Պետրոս Պետրոսյանին և Ալբերտ Հակոբջանյանին: