Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ են ներկայացրել քաղաքացիներ և խնդրել Պաշտպանի աջակցությունը բեռնատարներով Իրանից Հայաստան պետական սահմանը հատելու հարցում, հայտնում են ՀՀ ՄԻՊ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ըստ ահազանգի՝ մի շարք բեռնատարներ վարորդներով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության սահմանագծի մոտ և 3-4 օր է չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ 300-ից ավելի բեռնատար մեքենաների հերթեր են գոյացել: Քաղաքացիները հավելել են, որ իրանական կողմի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հայկական կողմը չի ընդունում բեռնատար մեքենաներ, սակայն իրենց պնդմամբ գիշերային ժամերին թույլատրում են իրանական համարանիշներով մեքենաներին մուտք գործել ՀՀ տարածք:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խնդիրը ներկայացրել է Պարետատան իրավասու ներկայացուցչին, քննարկվել են հարցի լուծման ուղղությունները։ Համագործակցության արդյունքում մի շարք վարորդներ բեռնատար մեքենաներով հնարավորություն են ստացել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։