fbpx
Հասարակություն

ՀՀ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահն ու ԱԳ նախարարն այցելել են Ծիծեռնակաբերդ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

* * *

Միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ին հիշատակում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը։ 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունել է «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիան, 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 69/323 բանաձևը՝ դեկտեմբերի 9-ը հռչակելով Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Բանաձևը ներկայացվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից, ընդունվել է միաձայն և արժանացել ավելի քան 80 անդամ-պետությունների աջակցությանը։ Այն խրախուսում է միջազգային հանրությանը՝ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը հարգելու համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ