ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ բացված դատական գործի ուղղորդված լինելու վարկածի մասին հարցին, նշել է, որ դա իր համար ծիծաղելի է և որ Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ մարդ, ով կմտածի, որ Քոչարյանի դեմ գործն ուղղորդված է:
«Հարցի պատասխանը այն վարկանիշի մեջ է, որ ունի Ռոբերտ Քոչարյանը այսօր ՀՀ-ում», – ասել է ԱԺ փոխնախագահը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից ասված այն փաստարկը, թե իր դեմ քաղաքական հետապնդում է սկսվել, քանի որ վերջինս ցանկացել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, թերի է, քանի որ երբ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել, երկրորդ նախագահը դեռ չէր ասել, որ ցանկանում է ակտիվ քաղաքականություն վերադառնալ:
Անդրադառնալով Արցախի հարցին, նա նշել է, որ այն մեր երկրի ամենակարևոր մարտահրավերներից է:
Ալեն Սիմոնյանը վերահաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արձանագրած այն թեզը, որ վարչապետն իրավունք չունի Արցախի հարցում միանձնյա որոշում կայացնել, քանի որ Արցախի ժողովուրդն իր վստահության քվեն չի տվել վարչապետին: