«Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում նախ շնորհավորեց կանանց մարտի 8-ի առիթով՝ նշելով, որ հայ կինը մեծ ուժի և համեստության կրող է, տոկուն և ուժեղ է, ապա մանրամասն ներկայացրեց, թե այս տարվա ընթացքում փառատոնի շրջանակում ինչ նվերներ են մատուցելու ողջ հայ հասարակությանը։
«Իհարկե, մեր նվերները շարունակվում են, քանի որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի ամեն միջոցառում արդեն իրական տոն է քաղաքում, իրական նվեր է մեր հանրությանը։ Տարեցտարի ավելացող ոգևորությունը մեզ ոգևորում է, որպեսզի ավելի շատ միջոցառումներ անենք»,- ասաց նա։
Ս. Հովհաննիսյանն ընդգծեց, որ հայ հասարակությանը երբեք չես կարող ցածր որակով խաբել. «Եթե որակ չկա, անգամ ծափ չեն տա։ Որակը կրկնակի ձևով է ողջունվում, լինում է, որ մարդիկ 20, նույնիսկ 40 րոպե հոտնկայս ծափահարում են։ Դա այն ցուցանիշն է, որ հայ ունկնդիրը ելևէջներով զգում է որակ»։
Փառատոնի տնօրենը հայտնեց, որ իրենք այս տարի Երևանում կազմակերպելու են Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի 70-րդ գագաթաժողովը, որի շրջանակում կկայանան մի քանի երաժշտական մեծ միջոցառումներ, մայիսի 1-5-ը Հայաստանը հյուրընկալելու է 150-200 հոգու՝ առաջատար փառատոների ղեկավարներ, քաղաքական իշխանության ներկայացուցիչներ, մշակույթի ոլորտի հանձնակատարներ, քաղաքապետեր, տնտեսության, բիզնեսի, լրատվության ոլորտի ներկայացուցիչներ։
Իսկ մինչ այդ՝ ապրիլի երրորդ տասնօրյակում, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում Երևանում ելույթ է ունենալու ֆրանսիացի հայտնի երգիչ Գարուն։ Ս. Հովհաննիսյանն ասաց, որ նա հավանաբար երկու համերգ կունենա՝ ելնելով պահանջարկից և Գարուի մենահամերգով կնախանշվի Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամակցության տասնամյակը։
Տարվա ընթացքում փառատոնը հյուրընկալելու է դաշնակահարներ «Գրեմմի»-ի բազմակի դափնեկիր Եֆիմ Բրոնֆմանին, Դենիս Մացուևին, մի քանի կամերային նվագախմբեր։ Փառատոնի շրջանակում սպասվում են նոր ծրագրերի իրականացում։
«Վաղուց նախատեսում էինք հայ կամպոզիտորների պատվերների և պրեմիերաների ծրագիրը։ Մեծ ոգևորությամբ ուզում ենք վերսկսել այն, պատվերներ տանք կոմպոզիտորներին և տարեվերջին ակնկալենք նոր ստեղծագործություններ, որոնք հայ ժամանակակից երաժշտության համար թթվածնի պես կարևոր են»,- ասաց Ս. Հովհաննիսյանը։
Շարունակվելու են երիտասարդ տաղանդների ծրագրերը։ Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի 70-րդ գագաթաժողովի շրջանակում նոր կրթաթոշակ է հիմնվելու «Երևանյան հեռանկարներ» փառատոնի և Եվրամիության գործընկերների հետ միասին. հայ տաղանդավոր երաժիշտները կմասնակցեն տարբեր վարպետության դասերի և միջազգային փառատոների։ 5 մարզում նախատեսված են համերգներ, Բյուրական արվեստի ակադեմիայում կկայանան վարպետության դասեր Հայաստան ժամանած հայտնի երաժիշտների հետ միասին։
Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախատեսում են նոր ձևաչափով փառատոնի հիմնում՝ «Հայա», որի շրջանակում հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին տեղի կունենան համերգներ հանրահռչակ երաժիշտների մասնակցությամբ. հուլիսի 1-ին կկայանա «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ նախագծի համերգը, որը հիմնված է լեգենդար խմբի անդամների կողմից այն նպատակով, որ իրենց երգերը կատարվեն ողջ աշխարհում իրենց կողմից ընտրված երգիչների կողմից, հուլիսի 2-ին՝ ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազի համերգը: Հուլիսի 3-ի համերգի հյուրի անունը փառատոնի տնօրենը չհնչեցրեց, ասաց՝ բանակցությունների դրական ավարտից հետո կհայտարարեն։
«Այս անունները մեր երկիր են բերելու տասնյակ հազարավոր երաժշտասերների և մեր երկիրը դառնալու է տուրիստական ու մշակութային «hub» տարածաշրջանում։ Մենք այս նախագիծը մշակել ենք հենց մեծաքանակ հանդիսականի համար։ Կարծում եմ՝ այդ փառատոնի սկիզբը կազդադարի մեր երկրի համար զբոսաշրջության նոր էջի բացում»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը։