fbpx
Քաղաքականություն

Միջանցքի խոսակցությունները հիբրիդային պատերազմի դրսևորում են․ Արամ Սարգսյան

ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Facebook-ի իր էջում հոկտեմբերի 1-ին հանդես է եկել գրառմամբ, որը վերնագրել է՝ «Միջանցիկ Էրդողանը»։

«1) Միջանցք նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված չէ։

2) ՀՀ վարչապետը ասել է, որ միջանցքի քննարկում չի եղել և չի կարող լինել։

3) Ռուսական վերահսկողությամբ միջանցքին դեմ են և Արևմուտքը, և Իրանը։ Արևմտյան վերահսկողությամբ միջանցքին միանշանակ դեմ են Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը։

Հետևություն՝ միջանցքի հնարավորություն հիմա չկա, որովհետև աշխարհաքաղաքական խաղացողները լրիվ հակադիր մոտեցում ունեն։

Թուրքիան վեցնյակ էր ուզում ձևավորել, որ փակ շրջանակում լուծեր խնդիրը։ Չստացվեց, Վրաստանը Արևմուտքի պասով հրաժարվեց։ Հիմա Անկարան խոսում է հնգյակից։ Չի ստացվելու՝ Իրանը չի համաձայնի, որովհետև ցանկացած իրավիճակում Թուրքիան 2 ձայն ունի Ադրբեջանի հետ, ՌԴ-ն 2 ձայն ունի Հայաստանի հետ, ինքը մենակ է։ Հնգյակին կողմ, կամ դեմ չի արտահայտվել նաև Ռուսաստանը, քանի որ դա լուրջ առևտրի թեմա է իր համար, իսկ Հայաստանը, առանց Վրաստանի և առանց Արցախի կարգավիճակի, որևէ պարագայում չի համաձայնի միջանցքի գաղափարին։

Մնում է Թուրքիան փորձի զենքով գրավել, ինչը քիչ հավանական է՝ Մոսկվայի և Թեհրանի հեղինակությունը կզրոյանա, հետևաբար կարող է վերածվել շատ լուրջ պատերազմի, որին ՆԱՏՕ-ն, Իսրայելը և ԱՄՆ-ը չեն գնա, իսկ Թուրքիան միայնակ նման քայլ անողը չէ․․․

Միջանցքի խոսակցությունները ակնհայտ հիբրիդային պատերազմի դրսևորում են, և՝ ոչ ավելին։ Թուրքիան պետք է միջանցք ուզի, մենք էլ պետք է ուղարկենք նրան էնտեղ, որտեղ մեր ռազմավարական ընկերն է սիրում ուղարկել Բելառուսին, երբ ներռուսաստանյան գնի գազ է ուզում։

Հ.Գ. Մենք իրական ինքնիշխան պետություն կդառնանք, երբ սկսենք հավատալ, հասկանալ ու քննարկել նախ մեր՝ հայկական շահը ու դիրքորոշումը, հետո մյուսների: Մենք իրական ինքնիշխան պետություն կդառնանք, երբ հավատանք ոչ թե մեր վախերին, այլ՝ մեր խելքին ու մեր ուժին: Հիբրիդային պատերազմի ամենալուրջ զենքերից մեկը հենց հասարակության վախերի հիման վրա անկայունություն ստեղծելն է», – գրել է Սարգսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ