fbpx
Քաղաքականություն

ՀՀԿ-ն չի կատարել անհրաժեշտ հետևություն

Հանրապետական կուսակցությունը երեկ հայտարարել է իր նախընտրական կարգախոսի մասին՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»: ՀՀԿ-ն թերևս մոռացել է ավելացնել, թե ինչի համար կամ ինչի մասին մտահոգության վերաբերյալ է կարգախոսը: Որովհետև, ի վերջո, կա շատ պարզ իրավիճակ և իրողություն՝ այդ կուսակցության քսան տարիների կառավարումը, քայլ առ քայլ բացարձակացած իշխանությամբ: Եվ այդ քսան տարիների կառավարման ընթացքում ՀՀԿ-ն քայլ առ քայլ ավելի ու ավելի է, այսպես ասած, գեղեցկացրել իր ճառերը, խոստովանել սխալներ ու թերություններ, անգամ կոռուպցիա, հայտարարել, թե իբր պայքարում է դրա դեմ, սակայն իրականում հանրությանը մատուցել ավելի ու ավելի վատ արդյունք, այդ մասին գրում է 1in.am-ը.

Դա հիմք է տալիս եզրակացնել, որ, եթե ՀՀԿ-ն սխալվում էր, ապա, համենայնդեպս, ընդամենն իր բացարձակ իշխանության առաջին տարիներին, որովհետև հնարավոր չէ տասը տարի չգիտակցել սխալը և վերջապես չանցնել այն ուղղելուն: Որովհետև այդ սխալը չափազանց ակնառու էր, չափազանց թանկ էր արժենում պետության համար, և միաժամանակ ՀՀԿ-ն էլ չափազանց մեծ իշխանությամբ էր օժտված այդ սխալը ուղղելու քաղաքական որոշումներ կայացնելու համար, եթե լիներ կամքը:

Ըստ այդմ, եթե այդ ամենից հետո ՀՀԿ-ն չի կատարել անհրաժեշտ հետևություն, ապա իշխանությունը թողնելուց հետո հետևության մասին խոսելը ավելորդ է՝ կարելի է խոսել միայն, այսպես ասած, քինախնդրության մասին: Անգամ այժմ ՀՀԿ-ն չի գտնում կամք ու համարձակություն անել ամենակարևորը, որը թույլ կտա հանրությանը գոնե մտածել այն մասին, որ իսկապես արվում են հետևություններ և գիտակցվում են սխալները՝ տալ սեփական քաղաքական կառավարման հանգամանալից գնահատականը: Դրա փոխարեն, ՀՀԿ-ն տարածեց մի հայտարարություն, որտեղ իբրև խնդիրների պատճառ բերվում էին բացատրություններ, որոնք եթե զայրույթ չեն առաջացնում ընթերցողի մոտ՝ կառավարման պատկերի ֆոնին, որ ոչ ոք չի մոռացել, ապա առաջացնում են զավեշտ:

Ահա այդ ամենը, նաև ՀՀԿ կառավարման երկու տասնամյակի ընթացքում խորացած «որակները» հիմք են տալիս եզրակացնելու, որ ՀՀԿ-ն «եթե մտահոգ ես» արտահայտությունից հետո թերևս բաց է թողել հետևյալ բովանդակությունը. եթե մտահոգ ես, որ նոր իրավիճակը թույլ չի տա գործել անօրինականություններ, թույլ չի տա զբաղվել կոռուպցիայով, թույլ չի տա ընտրություն կեղծել, թույլ չի տա հարստանալ հանրության ու պետության ռեսուրսները յուրացնելով, թույլ չի տա տնտեսությունը բաժանել օլիգոպոլիաների և մոնոպոլիաների միջև, թույլ չի տա սահմանափակել մրցակցությունը, թույլ չի տա արտաքին քաղաքականությունը ծառայեցնել այդ ամենը երկրի ներսում պաշտպանելու գործին՝ երկրի արտաքին հեղինակության ու անվտանգունակության հաշվին, ապա ընտրիր ՀՀԿ-ին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ