Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը չորեքշաբթի հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել RISAT-2B արբանյակը, որը կարող է երկրայն մակերևույթի դիտարկումներ կատարել անգամ խիտ ամպամածության պայմաններում: NDTV-ն հայտնում է, որ 615-կիլոգրամանոց արբանյակով PSLV-C46 տանող հրթիռի մեկնարկը տեղի է ունեցել Բենգալյան ծոցում Շրիհարիկոտա կղզու տիեզերակայանից առավոտյան 05:30-ին:
Այնուհետև սարքը հաջողությամբ դուրս է բերվել հանձնարարված ուղեծիր: Արբանյակը կարող է Երկրին հետևել գիշեր և ցերեկ՝ եղանակային ցանկացած պայմաններում և «կասկածելու հնարավորություն չի տա» այն դեպքում, եթե Հնդկաստանի ԶՈՒ-ն գործողություն անցկացնի, օրինակ՝ պակիստանյան Բալակոտ քաղաքի վրա ավիահարձակման նման, նշում է հեռուստաալիքը:
Ընթացիկ տարվա փետրվարի 26-ին Հնդկաստանի ԶՈՒ «Միրաժ-2000» կործանիչների-ռմբակոծիչների խումբը Բալակոտի մոտ պակիստանյան տարածքում հարված էր հասցրել «Ջաիշ ե Մուհամմադ» («Մուհամմեդի բանակ») ծայրահեղական խմբավորման ճամբարի վրա: Այդ ժամանակ հնդկական կողմը հայտնել էր մեծ թվով ահաբեկիչների ոչնչացման մասին, բայց Իսլամաբադն իր կողմից հայտարարել էր, որ այդ վայրում ոչ մի ճամբար չի եղել, և որ հնդկական օդանավերը ռմբակոծել են անտառապատ լեռնալանջերը՝ վնաս հասցնելով բնությանը: Խիտ ամպամածությունն այդ ժամանակ Հնդկաստանին թույլ չէր տվել ներկայացնել հարձակման արդյունքները ապացուցող արբանյակային լուսանկարներ:
Ամենաժամանակակից ռադարով հագեցած նոր արբանյակը Հնդկաստանի ԶՈՒ-ին հնարավորություն կտա ստանալ ճշգրիտ տեղեկություններ և իրենց գործողություններին հետևել եղանակային ցանկացած պայմաններում: RISAT-2B-ը կարող է նաև կիրառվել գյուղատնտեսության, անտառտնտեսության կարիքների և տարերային աղետներին հետևելու համար: