ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Վերին Լարսում ճանապարհին կանգ առած քաղաքացիների և ուղևորությունների հետ կապված ստեղծված նոր իրավիճակի մասին:
Հայտարարության տեքստը ստորև՝
«Ներկայումս Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է անցակետ և տեղում համակարգում է ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու գլխավոր հյուպատոսության կողմից տարվող աշխատանքները:
Հայտնում ենք, որ քաղաքացիների մի մասը, անսալով գլխավոր հյուպատոսի հորդորին, արդեն իսկ նախընտրել է օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակը:
Բանակցություններ են տարվում վրաց գործընկերների հետ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ: ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում սթափ գնահատել ներկա իրավիճակը, վստահել միայն պաշտոնական լրահոսին և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող տեղեկատվությանը
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Հիշեցնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է
Հետևաբար նույնիսկ եղանակային պայմանների բարելավման և դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները և իրենց հայրենիք վերադարձող Վրաստանի և ՌԴ քաղաքացիները։ Վերին Լարսի անցակետն անժամկետ փակ է օտարերկրացիների համար։
Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից, մասնավորապես՝ մոտակա Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից»: