Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ևս միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին։
Բաչկովն իր հերթին մարտահրավեր է ուղարկել արտերկրում բնակվող 3 հայ մարզիկների՝ Արթուր Աբրահամին, Կարո Մուրադին և Ազատ Հովհաննիսյանին։
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:
«Եթե 5 միլիոն հայ տարվա ընթացքում նվիրի հիմնադրամին 200 դոլար կամ ամիսը 20 դոլար կամ 20-ից մի քիչ շատ, տարվա կտրվածքով կունենանք 1 մլրդ 250 միլիոն դոլար։ Հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է կրկնակի, եռակի հսկողության տակ, մենք բացառելու ենք որևէ չարաշահում։ Ես այսօր մտել եմ հիմնադրամի էջ և կարգավորումն այնպես եմ դրել, որ ամեն ամիս 10 հազար դրամ նվիրաբերվի հիմնադրամին։ Ես մարտահրավեր եմ նետում 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանինև Ալեքսիս Օհանյանին։ Շատ կարևոր է, որ այս պրոցեսը անեք հրապարակային և մարտահրավեր նետեք ևս երեք հայի»,-ասել էր վարչապետը:
Նշենք, որ Ալեքսիսի Օհանյանն ու Սերժ Թանկյանն արդեն իսկ ընդունել են ՀՀ վարչապետի առաջարկը, և իրենք էլ փոխանցել են մարտահրավերը այլ հայերի։
