fbpx
Խորհրդարան

Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ կուսակցության խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում։

Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, որը ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքը և խորհրդարան է անցել ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով՝ ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։

Նշվում է, որ կուսակցության խորհրդի նման որոշումն արդյունք է առաջին հերթին ազգային փոքրամասնությունների հանդեպ հարգանքի և նպատակ ունի որևէ կերպ չխոչընդոտել ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ հետևողականությունը, որը Զեմֆիրա Միրզոևայի գործունեության կարևոր մասն է։

««Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը թե ոչ։ Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշումը ոչ միայն երկար քննարկումների ու խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է, այլև հանրության տարբեր շերտերի հետ շփումների և քննարկումների արդյունք:

Կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ