2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է ազատ արձակվի: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am կայքը:
Սամասթը Դինքի սպանության և ապօրինի զենք կրելու ու օգտագործելու համար դատապարտվել էր 22 տարի 10 ամսվա ազատազրկման, որը այնուհետև կրճատվել է դառնալով 15 տարի 2 ամիս՝ այն պատճառով, որ հանցագործության կատարման պահին հանցագործը անչափահաս է եղել:
Սամասթը բանտում է արդեն 13 տարի 5 ամիս: Պատժի վերջին 1 տարին պայմանական ռեժիմով անցկացնելու օրենքի համաձայն՝ Սամասթը կարող է ազատ արձակվել 9 ամսից:
Տարիներ առաջ Սամասթն ասել էր, որ Դինքի սպանությունը երեք փուլով է պլանավորված եղել, և խոստացել էր սպանության վերաբերյալ մանրամասներ բացահայտել:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:
