ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն ու նախարարների կաբինետի անդամները հրապարակել են 2018 թվականի եկամուտների հայտարարագրերը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Պարզվել է, որ Պուտինն անցած տարի վաստակել է 8.648 միլիոն ռուբլի, ինչը մոտ 10 միլիոնով պակաս է, քան 2017 թվականին: Պատճառն այն է, որ 2017 թվականին ՌԴ նախագահը հողատարածք է վաճառել: Պուտինի սեփականությունը մնացել է անփոփոխ՝ նա ունի 77 քմ մակերեսով բնակարան, ավտոտնակ, «ԳԱԶ-Մ21», «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ և կցորդով «Скиф»: Բացի դրանից` Պուտինն ունի նաև 153,7 քմ մակերեսով բնակարան և ավտոտնակ:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն անցած տարի վաստակել է 9.917 միլիոն ռուբլի, ինչը 1.35 միլիոն ռուբլով ավելի է, քան 2017 թվականին: Վարչապետն ունի 367,8 քմ մակերեսով բնակարան, «ԳԱԶ-20» և «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենաներ: Մեդվեդևի կինը անցած տարի ոչինչ չի վաստակել: Նա ունի Volkswagen Golf ավտոմեքենա և երկու ավտոմեքենայի համար նախատեսված տարածք: