fbpx
Աշխարհ

Հռոմի պապը պատասխանել Է Մադուրոյի նամակին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատասխան է ուղարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակին, որում նա քահանայապետին խնդրել էր օժանդակել այդ երկրում «երկխոսությունը դյուրացնելուն»: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել են իտալական մի քանի լրատվամիջոցներ:

Corriere della Sera միլանյան թերթի տվյալներով՝ ուղերձը գրվել է փետրվարի 7-ին, ընդ որում՝ քահանայապետը դրանում օգտագործել է «մեծարգո պարոն Մադուրո», այլ ոչ թե «նախագահ Մադուրո» դիմելաձեւը: Նամակում Ֆրանցիսկոս պապը նշել է, որ իրեն «խորապես մտահոգում է ստեղծված իրադրությունը» եւ անհանգստացնում է «Վենեսուելայի փառապանծ ժողովրդի տառապանքները», որոնց, ինչպես երեւում է, վերջ չկա»: Միեւնույն ժամանակ նա ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ վերջին տարիներին արդեն քանիցս տարբեր փորձեր են ձեռնարկվել «ելք գտնելու վենեսուելական ճգնաժամից», սակայն դրանք բոլորն էլ ավարտվել են ապարդյուն:

Դրա հետ մեկտեղ արգենտինացի քահանայապետը նշել է, որ ինքը միշտ էլ հանդեսէ եկել ճգնաժամի լուծման շուրջ երկխոսություն վարելու օգտին: «Բայց ոչ ցանկացած երկխոսության, այլ այնպիսի երկխոսության, որն սկսվում է, երբ հակամարտության մեջ ներքաշված կողմերն ընդհանուր բարօրությունն ավելի բարձր են դասում մնացած բոլոր շահերից եւ աշխատում են հանուն միասնության ու խաղաղության»,-ընդգծել է նա: Այդ կապակցությամբ Ֆրանցիսկոսը հիշեցրել է Սուրբ աթոռի եւ Վենեսուելայի եպիսկոպոսների ջանքերի մասին, որոնք նրանց կողմից գործադրվել են մոտավորապես երկու տարի առաջ Մադուրոյի եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ բանակցությունների շրջանակներում ճգնաժամի «խաղաղ ու սահմանադրական» լուծման համար, եւ, մասնավորապես, Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի նամակի մասին, որը նա ուղարկել է 2016 թվականի դեկտեմբերի 1-ին:

Քահանայապետի խոսքով՝ այդ փաստաթղթում «պարզորոշ ձեւակերպված են այն նախադրյալները, որոնք հնարավոր կդարձնեն երկխոսությունը»: Corriere della Sera-ն նշում է, որ Ֆրանցիսկոս պապի ուղերձը գրված է խիստ զգուշավոր ոգով, ինչը բացատրվում է նրանով, որ Սուրբ աթոռը ձգտում է վենեսուելական ճգնաժամի հարցում մի ինչ-որ միջանկյալ դիրք բռնել, մի կողմից՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի, եւ, մյուս կողմից՝ Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ: Սակայն թերթը միաժամանակ մատնանշում է, որ, «դիանագիտական զգուշավորությունից անդին Մադուրոյի վերաբերյալ Ֆրանցիսկոսի ու նար խորհրդականների կարծիքը, մեղմ ասած, բացասական է»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ