Աթենքում Լիբիայի դեսպանը հայտարարվել է անընդունելի անձ Թուրքիայի հետ Լիբիայի կողմից ստորագրված ծովային գոտիների սահմանազատման հուշագրի պատճառով: Այս մասին հաղորդում է Ethnos թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրի։
Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարությունն Լիբիայի դեսպանին ժամանակ էր տվել մինչև դեկտեմբերի 6-ը ներկայացնելու այդ հուշագրի տեքստը, ինչը նա չի արել: Լիբիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը դեկտեմբերի 6-ի առավոտյան այցելել է Հունաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), որտեղ նրան հայտարարել են, որ նա պերսոնա նոն գրատա է, և նշանակել են ժամկետ, թե երբ նա պետք է լքի երկիրը: Հունաստանի ԱԳՆ-ից այդ մասին պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի ստացվել: Դեսպանի անունն ու ազգանունը չեն ճշտվում:
Դեկտեմբերի 5-ին Հունաստանի ԱԳ նախարարություն են կանչել Աթենքում Թուրքիայի դեսպան Բուրաք Օզուգերգինին՝ այդ հուշագրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար:
Դեկտեմբերի 2-ին Հունաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդրոս Գենիմատասը հայտարարել է, որ Թուրքիան Կրետեն, Հռոդոսը և Հունաստանի այլ կղզիներ ցանկանում է զրկել ծովային գոտիների իրավունքներից՝ ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Լիբիայի հետ կնքված փոխըմբռնման երկկողմ հուշագրի միջոցով, բայց այդ համաձայնագիրը, որը լիբիական կողմից ստորագրել է Լիբիայի Ազգային հաշտության կառավարության ղեկավար Փայիզ Սարաջը, զուրկ է միջազգային օրինականությունից: