«Մարի» մրրիկը Աշխատանքի օրվա տոնական հանգստյան օրերին շեղվել է Հարավային Կալիֆոռնիայի ափերից դեպի բաց օվկիանոս, սակայն փոթորկի հարուցած հզոր ալիքները ճեղքել են ափամերձ պաշտպանիչ պատնեշները՝ առաջացնելով տեղային հեղեղումներ։
Ամերիկյան Ազգային եղանակային ծառայության (NWS) տվյալներով, որոնց հղում է անում CBS Los Angeles-ը, վտանգավոր ալեբախությունը և հզոր մակընթացային հոսանքները պահպանվելու են ափամերձ գոտում մինչև երեքշաբթի երեկո: Օդերևութաբանները հորդորել են բնակիչներին և զբոսաշրջիկներին հեռու մնալ քարե ալեքաշներից և լողալ միայն փրկարարական հենակետերի հսկողության տակ գտնվող հատվածներում։
Չնայած մրրիկի կենտրոնը գտնվում է ափից բավականին հեռու, դրա ձևավորած ալիքները քանդել են ափամերձ համայնքների պաշտպանության համար շաբաթվա ընթացքում կառուցված ավազե պատնեշները։ Սիլ Բիչ և Լոնգ Բիչ քաղաքներում օվկիանոսի ջրերը լցվել են ավտոկայանատեղիներ, փողոցներ և որոշ բնակելի տների բակեր:
Տեղական արտակարգ ծառայությունները հատուկ պոմպակայաններ են տեղադրել՝ ջուրը բնակելի հատվածներից և ավտոկայանատեղիներից հեռացնելու համար: Շաբաթ երեկոյան բուլդոզերները վերսկսել են աշխատանքը՝ փորձելով վերականգնել ավազե պատնեշները մինչև կիրակի սպասվող առավել հզոր ալիքների ժամանումը։
Ափամերձ վտանգավոր պայմաններից զատ, եղանակային համակարգը թույլ տեղումներ է բերել տարածաշրջան: Ըստ NWS-ի կանխատեսումների՝ Լոս Անջելեսի և Վենտուրայի վարչաշրջաններում սպասվում են կարճատև անձրևներ, իսկ ներքին շրջաններում տեղումների քանակը չի գերազանցի մեկ երրորդ դյույմը (մոտ 8 միլիմետր):

