Արիզոնա նահանգի 67-ամյա բնակիչ Արթուր Լանդինը ձերբակալվել է այն բանից հետո, երբ American Airlines ավիաընկերության չվերթի ընթացքում ուղևորները ստիպված են եղել կապկպել նրան պլաստիկ ամրակներով և կպչուն ժապավենով (սկոչով)՝ վերջինիս ագրեսիվ ու ռասիստական վարքագծի պատճառով։ InsideFlyer պարբերականի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել 2026 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Դալասից Նյուարկ ուղևորվող թիվ 618 չվերթի Boeing 737-800 ինքնաթիռում, որտեղ գտնվում էր անձնակազմի չորս անդամ։
Ըստ աղբյուրի՝ Լանդինը հարձակվել է ուղևորների վրա և ռասիստական վիրավորանքներ հնչեցրել բորտուղեկցորդուհու հասցեին, ինչից հետո անձնակազմն ու ուղևորները ստիպված են եղել միջամտել։ Իրավիճակը վերահսկողությունից դուրս գալուց հետո պաշտոնաթող սպա Խուան Մեխիան և երկու այլ ուղևորներ վնասազերծել են Լանդինին։ Ֆիզիկական հակամարտության ընթացքում Լանդինը կծել է օգնության շտապողներից մեկին, ինչից հետո նրան կապել են պլաստիկ կապերով և կպչուն ժապավենով։ Ավիաընկերությունները սովորաբար ունեն նման պարագաներ արտակարգ իրավիճակների համար, իսկ անձնակազմը հատուկ վերապատրաստում է անցնում դրանք կիրառելու համար։
Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բալթիմորում, որտեղ տեղի ոստիկանությունը ձերբակալել է իրավախախտին։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) տվյալներով՝ միայն 2026 թվականին արձանագրվել է անկարգ ուղևորների մասնակցությամբ ավելի քան 1160 միջադեպ։ Սովորաբար ավիաընկերություններն իրենք են հոգում չվերթի ուղղությունը փոխելու հետ կապված զգալի ծախսերը, սակայն ԱՄՆ տրանսպորտի դեպարտամենտի (DOT) նոր կանոնները, որոնք ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հոկտեմբերից, մասնակիորեն կթեթևացնեն փոխադրողների ֆինանսական պատասխանատվությունը նման դեպքերում՝ փոխանցելով պատասխանատվության մի մասը իրավախախտ ուղևորներին։ Ծանր միջադեպերը FAA-ն փոխանցում է Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ)՝ դաշնային մակարդակով քրեական հետապնդում իրականացնելու համար։

