Խորհրդարան
17:40 20/01/2020

Հույս ունեմ Մեքսիկայի խորհրդարանը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը․ Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին:

Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը և Հայաստանում ունեցած շփումները կնպաստեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մեքսիկայի միջև աշխարհագրական հեռավորությունը չի կարող խանգարել հարաբերությունների հետագա ջերմացմանը, որոնց մեջ մեծ դեր կարող են ունենալ միջխորհրդարանական հարաբերությունները: Արարատ Միրզոյանը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի համատեղ աշխատանքները կօգնեն, որպեսզի Հայաստանի և Մեքսիկայի խորհրդարանների միջև շփումներն արդյունավետ լինեն ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ միջխորհրդարանական հարթակներում:

Արարատ Միրզոյանն ու Ադոլֆո Տոռես Ռամիրեսը խոսել են նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Մեքսիկայի խորհրդարանը կհամալրի այն խորհրդարանների շարքը, որոնք, պատմական արդարության սկզբունքից ելնելով, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նաև շեշտել է, որ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է հավասարակշիռ դիրքորոշում Արցախի խնդրում:

Ադոլֆո Տոռես Ռամիրեսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ աշխատանքներ են տարվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաև խոստացել ջանքեր գործադրել, որպեսզի տեսանելի դառնա Արցախի Հանրապետությունում այս պահին տիրող իրավիճակը: Նա շեշտել է, որ իրավիճակի հանգուցալուծումը, անշուշտ, խաղաղությունն է: Ադոլֆո Տոռես Ռամիրեսն իր մեծագույն ցանկությունն է հայտնել, որպեսզի Մեքսիկայի և Հայաստանի միջև համագործակցությունն առավել խորանա և Արարատ Միրզոյանին հրավիրել է Մեքսիկա: «Կարծում եմ, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահի այցը Հայաստան, ինչպես նաև Ձեր փոխադարձ այցը Մեքսիկա՝ պատմական առումով հարաբերությունների զարգացման նոր փուլ կարձանագրեն»,- նշել է Ադոլֆո Տոռես Ռամիրեսը:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել մանրամասն տեղեկությունների համար՝ նշելով, որ սիրով Հայաստանում կհյուրընկալի իր մեքսիկացի գործընկերոջը և ինքն էլ սիրով կայցելի Մեքսիկա: «Ուրախությամբ լսեցի ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, կարծում եմ, որ լուրջ աշխատանքներ կան այս ուղղություններով, և ի վերջո կհաջողենք: Մեր օրակարգում նաև բազմաթիվ այլ հարցեր կան և վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ մեր խորհրդարանները կհաջողեն այս ուղղություններով ևս արդյունավետ աշխատանքներ ծավալել: Որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ մշտապես պատրաստ եմ աջակցել ձեր համատեղ նախաձեռնություններում»,- վստահեցրել է Արարատ Միրզոյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ