fbpx
Աշխարհ

Հվ․ Կորեան զբոսաշրջիկների համար բացում է ԿԺԴՀ սահմանին Միացյալ անվտանգության գոտին

Մայիսի 1-ից Հարավային Կորեայի իշխանությունները զբոսաշրջիկների համար հասանելի կդարձնեն Հյուսիսային Կորեայի սահմանին Փհանմունջոմ անցակետում Միացյալ անվտանգության գոտի այցելությունը: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Տուրիստական այս ուղղությունը 2018 թվականի հոկտեմբերից փակ էր կողմնակի անձանց այցելությունների համար, երբ Հյուսիսն ու Հարավն այնտեղ ականազերծման աշխատանքներ էին կատարում և ըստ սեպտեմբերին ստորագրված ռազմական լարվածության նվազեցման մասին համաձայնագրի՝ երկու տասնյակ պահակակետեր հանում:

Այդ ժամանակ կորեական երկու պետությունները պայմանավորվել էին վերագործարկել Փհանմունջոմ տուրերի ծրագրերը և այցելուներին թույլ տալ ազատ տեղաշարժվել սահմանի ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային կողմում: Սակայն Սեուլը, Փհենյանը և Վաշինգտոնն առայժմ չեն կարողացել համաձայնեցնել բոլոր մանրամասները, ուստի զբոսաշրջիկներին թույլ կտան այցելել միայն հարավկորեացի և ամերիկացի զինվորականների համատեղ վերահսկողության հատված:

«Միջկորեական առաջին գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ կառավարությունը մայիսի 1-ից սկսած Միացյալ անվտանգության գոտու հարավային հատվածը կբացի քաղաքացիների այցելությունների համար»,- նշել են նախարարությունից: Այդ պահից սկսած զբոսաշրջիկներին հասանելի կլինեն Փհանմունջոմում գտնվող ավելի մեծ թվով պատմական վայրեր: Եթե նախկինում նրանք կարող էին միայն այցելել ռազմական բանակցությունների երկնագույն տաղավարներ, հիմա կարող են տեսնել ծառը, որն անցյալ տարվա մայիսի 27-ին միասին տնկել են Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները, ինչպես նաև կքայլեն հետիոտնի կամրջով, որի վրա Մուն Չժե Ինը և Կիմ Չեն Ընը դեմ առ դեմ կես ժամ զրուցել են:

Հարավային Կորեայի քաղաքացիները կարող են Միացյալ անվտանգության գոտի տուրի հայտը ձևակերպել Ազգային հետախուզության ծառայության կայքում, իսկ արտասահմանցիները՝ հավատարմագրված տուրիստական գործակալությունների միջոցով:

Կորեական երկու պետությունների սահմանին Փհանմունջոմում Միացյալ անվտանգության գոտին ՄԱԿ հրամանատարության իրավազորության ներքո է, որն, ըստ էության, նեկայացնում են ամերիկացի զինվորականները: Այն ստեղծվել է 1950-53 թվականների Կորեական պատերազմի ավարտից հետո: Սա սահմանին միակ վայրն է, որտեղ հյուսիսկորեացի և հարավկորեացի զինվորականները ծառայություն են կրում միմյանցից մի քանի մետր հեռավորությամբ: Նախկինում այս գոտում բազմիցս տեղի են ունեցել ռազմական միջադեպեր, վերջինը՝ 2017 թվականի նոյեմբերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ