2021 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում 3930 քաղաքացու արդեն իսկ տրամադրվել է ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցում՝ շուրջ 798 մլն դրամի չափով։
Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով՝ ՀՀ պետական բյուջեով 2021 թվականի համար նախատեսված է 1,2 մլրդ դրամ, որը տրամադրվելու է մինչև 1938 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված շուրջ 6500 քաղաքացու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` 2021 թվականին ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք են ձեռք բերել նաև մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։
Ավանդի փոխհատուցման իրավունք ունի նաև մահացած ավանդատուի ամուսինը կամ կինը, եթե ավանդը ներդրվել է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։ Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը սկսվել է 2006 թվականից և, կրելով շարունակական բնույթ, տարբեր ժամանակահատվածներում դիմելու իրավունք է տրվել որոշակի սոցիալական խմբերի:
Ծրագիրն ունի շարունակական բնույթ ունի և, եթե փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք իրենց տարիքային սոցիալական խմբին համապատասխան իրավունքի սահմանման ժամանակահատվածում չեն դիմել, ապա կարող են դիմել 2021 թ. ընթացքում:
Եթե ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները սահմանված ժամանակահատվածում չեն դիմել այն ստանալու համար (իրազեկված չլինելու պատճառով), ապա կարող են դիմել 2021 թվականի ընթացքում։
Ավանդների փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել իր հաշվառման և փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն` ներկայացնելով`
անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.
ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ).
ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում).
տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին։
Աղբյուրը՝ 1lurer.am