Հունիսի 6-7-ին Երևանում կայացան հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև:
ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Սահակյանը, ողջունելով հյուրերին, անդրադարձավ երկու երկրների արտաքին գերատեսչությունների և դեսպանությունների միջև ձևավորված կառուցողական և արդյունավետ համագործակցությանը։ Թուրքմենստանի պատվիրակության ղեկավար, ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Անամուրադ Ալտիևը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, իր հերթին նշեց, որ երկկողմ օրակարգում չկան այնպիսի հյուպատոսական խնդիրներ, որոնք հնարավոր չէ կարգավորել բանակցությունների միջոցով:
Խորհրդակցությունների ժամանակ կողմերը քննարկեցին երկու պետությունների միջև հյուպատոսական հարաբերություններում կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ։
Խորհրդակցությունների ավարտին երկու երկրների պատվիրակությունների ղեկավարները ստորագրեցին հյուպատոսական խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություն:
Թուրքմենստանի պատվիրակությունը հանդիպեց նաև ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։