Ի՞նչի մասին են լռում կառավարող վարչախմբի պատասխանատուները։
ՌԴ-ում հայկական «ֆուռերին» չեն թողնում բեռներ տեղափոխել։ Շատ դեպքերում մեքենաները կանգնեցնում են և ստիպում բեռը վերափոխադրել ռուսական «ֆուռերի» մեջ։
Վարորդներին տուգանում են ՌԴ տարածքում 90 օրից ավելի գտնվելու համար և մուտքի արգելք դնում 3–5 տարի ժամկետով։ Դումայում արդեն առաջարկվում է առանց վիզայի ՌԴ-ում գտնվելու ժամկետը սահմանափակել 30 օրով, վարորդների խնդիրը անտեսվում է:
Հասկանալի է, որ խնդիրը վարորդների հետ չէ։ Խնդիրը բեռների վերահսկման մեջ է, իսկ վարորդը այս իրավիճակում պարզապես ազդեցության գործիք է։
Սա ավելի է ծանրացնում բեռնափոխադրումների արդեն իսկ բարդ վիճակը։
Երեկ ԵԱՏՄ նիստում վարորդների խնդիրը ԵԱՏՄ անդամ ոչ մի երկրի ղեկավար չբարձրաձայնեց։ Սա տրամաբանական հարց է առաջացնում․
ինչո՞ւ։
Ի՞նչ գործընթաց է ընթանում, որի մասին լռում են բոլոր պատասխանատուները։
Փորձենք հասկանալ։
ՌԴ-ն անծայրածիր երկիր է, որտեղ բեռնափոխադրումները՝ որպես եկամտաբեր ոլորտ, փաստացի համարվում են պետական մենաշնորհ։ Ռուսաստանը փորձում է այդ ոլորտը ոչ միայն իր տարածքում մոնոպոլիզացնել, այլ նաև ԱՊՀ և ԵԱՏՄ տնտեսական գոտում բեռնափոխադրումները իրականացնել բացառապես ռուսական ֆուռերի կամ ռուսական երկաթուղու միջոցով։
Ադրբեջանով դեպի Հայաստան տարանցիկ երկաթուղու գործարկումը կհանգեցնի նրան, որ հայկական բեռնափոխադրող ընկերությունները աստիճանաբար կդադարեն գոյություն ունենալ։
Հայաստանը կզրկվի բեռնափոխադրումների եկամուտներից։
Հայկական ֆուռերը ստիպված կվաճառվեն Ռուսաստանին։
Բեռնափոխադրող ընկերությունները կտեղափոխվեն ՌԴ։
Օրինակ՝ հայկական «Սպայկա» ընկերությունը, որը թանկարժեք ակտիվ է, Հայաստանը կարող է պարզապես կորցնել։
Սա ոչ միայն Ռուսաստանին կբերի լրացուցիչ եկամուտներ, այլ նաև կդառնա լոգիստիկ լծակ՝ տնտեսապես իրենից կախված երկրներին վերահսկելու համար։
Իբր արևմտամետ, ԵՄ գնացող և «ինքնիշխան» ՀՀ վարչապետը, «խաղաղության օրակարգի» անվան տակ, Պուտինի մոտ գոհունակությամբ խոսում է Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան երկաթուղային տարանցման հեռանկարների մասին։
Բայց նա չի ասելու, որ դրա արդյունքում կվերանան հայկական բեռնափոխադրող ընկերությունները։
Չի ասելու, որ հազարավոր հայ վարորդներ կդառնան գործազուրկ։
Չի ասելու, որ Հայաստանը դրանից տնտեսապես կաղքատանա։

