ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ես այնքան էլ համաձայն չեմ այն մտքի հետ, որ նույն մարդկությունը, որը սգում էր Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը կամ իրար էր խառնվել ավստրալական հրդեհներում էկզոտիկ կենդանատեսակներին սպառնացող վտանգից, պարտավոր է նույն էմպատիան դրսևորել մեզ հետ կատարվողի նկատմամբ:
Նախ էմպատիան իռացիոնալ դրսևորում է, տաճարն ու կենգուրուները յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու էմոցիոնալ դաշտում են լինում դեռ մանկությունից, ու դրանց սպառնացող վտանգը յուրաքանչյուրի անձնական էմոցիոնալ դաշտի խաթարում է ենթադրում: Մարդը պիտի զգա այդ ցավը, որ արտաբերի:
Ըստ այդմ եթե էմպատիա ենք ուզում, ու դա չկա, ապա առնվազն պիտի մտածենք՝ իսկ ուրեմն ի՞նչ պիտի անի հայկականությունը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու էմոցիոնալ դաշտում այնքան պինդ ամրանա, որ յուրաքանչյուր հայի կորուստ մարդկանց անձնական ցավ պատճառի:
Բայց ինքս կարծում եմ, որ մեր պահանջածը էմպատիա չպետք է լինի, այլ սառը և կշռադատված գնահատական, քանի որ քաղաքակիրթ հանրության անտարբերությունը սեփական տանը մարդու ապրելու և արարելու, այն պաշտպանելու իրավունքի և դրա դրսևորման նկատմամբ սկզբունքային քաղաքակրթական նահանջ է: Եվ կողքինի իրավունքի նկատմամբ թեկուզ ոչ էմպատիկ, այլ ռացիոնալ հարգանքի բացակայությունը մեզ հետ է շպրտում միջնադար:
Եվ ի վերջո, մենք էլ ենք մեզ համարում քաղաքակիրթ հանրության մասնիկ, որին ցավ են պատճառում այրված կենգուրուները, բայց ոչ միշտ ենք հավաքական սկզբունքային վերաբերմունք ցուցաբերում այլ ազգային միավորների իրավունքների ոտնահարումների ժամանակ:
Ամեն մեկն իր դարդն ու շահն ունի, ըստ այդմ պատերազմի հետո պետք է մտածենք՝ իսկ ինչ ու ինչպե՞ս անել, որ Հայաստանում և Արցախում խաղաղությունը իսկապես բխի միջազգային հանրության շահերից»:
https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10159135921599026?__cft__%5B0%5D=AZWCbs6fJbwWoqlKChrX3yGZtbGBUleUF6w8MvfgRTR_ZgPz2fs-Yudw0LCiWG1P6DT_FEq_Uk6Z7afPIN3VE-G0VFVUzPVZ7oNADTho6sFFzP0E4wQZSCLjmyXS-02-Giw&__tn__=%2CO%2CP-R