Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 22-ին ԵՊՀ-ում հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին:
Հանդիպման ընթացքում դոցենտ Գայանե Ղուկասյանը, մեջբերելով աշխարհի փորձը, նշեց, որ աշխարհում ընթացող գլոբալ փոփոխությունները տանում են նոր տիպի տեղեկատվական հասարակության ձևավորման, և առաջադիմում են այն երկրները, որ խրախուսում են ՏՏ առաջընթացը և այստեղ կրթական համակարգում ծագում է մի խնդիր, այն է՝ նոր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը:
Նա այսպիսի հարց ուղղեց վարչապետին.
«Ներկայումս ֆակուլտետում գործում են 2 մագիստրոսական ծրագրեր՝ Ինովացիոն կառավարում և Տվյալների գիտությունը բիզնեսում: Մագիստրոսական ծրագրի նպատակն է տնտեսական բոլոր ճյուղերի համար պատրաստել ՏՏ խոր իմացությամբ մասնագետներ: Ուսանողները արտերկիր են մեկնում վերապատրաստվելու և ֆինանսավորումը լինում է արտերկրի կառույցների կողմից: Ի՞նչ պետական գործիքներ կարելի է կիրառել՝ տեղական ընկերություններին խրախուսելու համար, որ նրանք ևս օժանդակեն նման ծրագրերը»:
Վարչապետն ասաց, որ նման ծրագիր արդեն իրականացվում է:
«Ավելի ոչ մագիստրոսական, բայց ավելի մասնագիտական կրթության մակարդակում այդ գործընթացը արդեն սկսել ենք: Կա այսպիսի գործընթաց, որ մասնավոր ընկերությունները որոշակի պարտավորություններ են ստանձնում և ԿԳՆ-ի հետ համատեղ ուսումնարանների վերազինման ծրագրեր են իրականացնում: Այն ընկերությունները, որ գիտեն` իրենց պետք է լինելու մասնագետ, տեխնիկապես վերազինում են, շենքային պայմաններն են բարելավում, բայց ուսումնառությունը տեղի է ունենում ԿԳՆ վերահսկողության ներքո և այդ ընկերությունները այդ ուսումնարաններում պոտենցիալ մասնագետ են պատրաստում իրենց համար»,- ասաց վարչապետը և կարծիք հայտնեց, որ նույն գործընթացը պետք է տեղի ունենա նաև այլ ոլորտներում: