Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ինչո՞ւ չեն դատվում դատավորները.
Հայաստանի վերջին երեսուն տարիների հանցագործությունների պարտակման ողջ մեղքը Հայաստանի դատա-իրավական համակարգի վրա է՝ քննիչների, դատախազության և, առավել կարևորը՝ դատավորների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի:
Նրանք են եղել հանցագործությունների հենարանը: Դա մի իրողություն է, որ լույսի պես պարզ է Հայաստանի հասարակությանը: Նրանք են իրավունքի պաշտպանները և իրականացնողները, և գործնականում նրանք են նպաստել իշխանության մյուս թևերի հանցագործություններին՝ ԱԺ-ին՝ հանցագործներով և այսպես կոչված «գործարարներով» համալրվելու և իշխանության օլիգարխացման, Կառավարությանը՝ Հայաստանի տնտեսության մենատիրացման և անսահման թալանի իրականացման, նախագահներին՝ այդ ամենին մասնակցության և հանցագործություններն ամենը կոծկելուն: Նրանք հանցագործության մասնակիցներ են: Ի՞նչ հույս կարելի է կապել այսօրվա դատա-իրավական համակարգի հետ, որն ուղղակիորեն համագործակցել է Հայաստանի բնակչության հուսահատության, բարոյալքվածության, արտագաղթի, երկրի տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական հյուծվածության հասցրած իշխանության մյուս թևերի հետ: Նրանք համատեղ են մեր երկրի ազգային անվտանգության սպառնալիքը: Քանի՞ դատավոր է կամովին հրաժարվել Հայաստանի բռնապետացման ընթացքին մասնակցությունից: Քանի՞ դատավոր է դատվել: Դատավորների հանցակցությունն ապացուցելով և նրանց դատելով միայն կարելի է հասնել դատարանի իրավական պատասխանատվությանը: Դատավորն առանցքային ֆիգուր է հեղափոխության նպատակների իրականացման համար: Քանի դեռ քննիչ/դատարան/դատավոր շղթան անձերով և գործընթացներով նույնն են, մեր երկրում մեծ հաշվով ոչինչ չի փոխվում և չի փոխվելու: Դատարան շրջափակելով, պատվավոր կամ անպատիվ թոշակի ուղարկելով հարցը չի լուծվելու: Հիմա ի՞նչ է, շրջանառության մեջ է «ներման բանա՞ձևը»:
Վաղուց եմ մտածում «ներման» փիլիսիփայության և բանաձևի շուրջ: Ո՞ւմ և ի՞նչը կարել է ներել, կա՞ արդյոք ներման համապարփակ բանաձև: Լա՞վ բանաձև է արդյոք վաղուց գոյություն ունեցող և վերջին երկու տասնամյակում պարտվող քաղաքական գործիչների կողմից հաճախ բարձրաձայնվող «մի դատիր, որ չդատվես» բանաձևը: Առհասարակ արդարացի՞ է արդյոք քրիստոնեական ներման փիլիսոփայանությունը: Ո՞ւմ վրա է այն տարածվում, զոհ-անհատի՞, թե՞ նաև պետական ինստիտուտների վրա: Ո՞ւմ ներել, հանցագործի՞ն, հանցագործության մասնակցի՞ն, բռնացողի՞ն, սպանողի՞ն, դրանց հիշողությունը կրողի՞ն: Օրինակ` ինչի՞ համար են հայերից ներողություն խնդրում որոշ թուրքեր, ովքե՞ր են նրանք, ումի՞ց են ներողություն խնդրում, կարելի՞ է արդյոք նրանց ներել, ինչի՞ համար նրանց կարելի է ներել կամ պետք է ներել և ո՞վ պիտի ների: Արդյոք ներողություն խնդրողները դահիճների ուղղակի և կենսաբանական ժառանգներն են, թե՞ իրենք իրենց համարում են 20-րդ դարի ընթացքում ինքնությամբ թուրք դարձածների բարոյականության սոցիալական և բարոյական պատասխանատուները: Ումի՞ց են ներողամտություն հայցում/սպասում, հայկական պաշտոնական և ոչ պաշտոնական կառույցների՞ց, թե՞ անորոշ ու «տեսական» հայերից: Կարո՞ղ են, բարոյական և իրավական իրավունք ունե՞ն ներելու կառույցները: Տեսական «հայերից» տեսական «ներողությունն» ի՞նչ գործնական քայլերով է ուղեկցվում՝ դատապարտո՞ւմ են արդյոք Թալյաթի, Էնվերի, Ջեմալի, Մուստաֆա Քեմալի, Քյազիմ Կարաբեքիրի, թոփալ Օսմանի… մեծարումները ներկայիս Թուրքիայում, ինչպե՞ս են դատապարտում, ի՞նչ գործողություններով: Մահացած զոհերը ներել/չներել չեն կարող, համաժողովրդական ներել/չներել չի կարող լինել: Կարո՞ղ են ներել/չներել կենդանի մնացածների երրորդ-չորրոդ սերնդի ժառանգները: Եվ ո՞ւմ պիտի ներեն՝ ներողություն խնդրողների՞ն, կայացող թուրք ժողովրդի՞ն, թուրքական անցյա՞լի, ներկա՞յի իշխանություններին, որն ինքը չի ներում ներողություն խնդրողներին: Ո՞րն է լինելու ներման բանաձևը՝ ձևացնենք, թե ոչինչ չի՞ եղել, թե՞ ձևացնենք, որ գիտակցվել է եղածի ողջ հրեշավորությունը և այդ կա այդ հրեշավոր հանցագործության գիտակցության կրողների խումբ: Իսկ երկրում շարունակվում է հանցագործության հրեշավորության մասին վկայությունների դեմ բողոքը՝ դա «վիրավորում է թուրքական արժանապատվությունը»:
Իսկ հիմա իրավական համակարգից նույնիսկ ներողություն խնդրող չկա, ներաղամտության հայցող չկա, հանցագործության գիտակցություն չկա, բայց անսահման ներողամտություն և ներողամտության կոչ կա այսօր էլ շարունակվող հանցագործության նկատմամբ: Սա քաղաքակա՞ն դիրքորոշում է, թե՞ քրիստոնեական բարոյական ներողամտություն: Կանխատեսելի՞ է սրա հետևանքը»:
https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/1531904936961777