Ի՞նչ կարժենա հանրաքվեն, ի՞նչ խութեր կան օրենքի նախագծում, ինչու՞ չարվեց ԱԺ քվեարկությամբ. ՍԴ ուզուրպացիան օր առաջ պետք է վերացվի։
Նախ փորձենք հասկանալ, թե ինչու չքվեարկեցին Սահմանադրական օրենքով փոխելու համար.
ա. Կարելի է ենթադրել, որ կասկած ունեին՝ կողմ քվեարկողների թիվը չհերիքեր 3/5-րդով, քանզի Սահմանադրական օրենք փոխելը այդքան քվե է պահանջում, կարճ ասած՝ 88 քվե, ինչը քվարկության դնելիս միգուցե նվազեր:
բ. Քվեարկության համար պետք էր լինելու օրենքի սահմանադրականությունը պարզել կամ հետո ստանալ, իսկ դա կմերժվեր ՍԴ կողմից, և 3-րդ անգամ իշխող մեծամասնությունը կկորցներ հնարավորությունը, ինչը անդառնալի կարող էր լինել թե՛ իրենց, թե՛ կառավարության վարկանիշի համար:
Երկրորդ․ փորձենք հասկանալ, թե ինչ խութեր ունի նախագիծը իրավական առումով, և որն է դրա հաղթահարման աղբյուրը:
ա. Սահմանադրության 213-րդ հոդվածը անցումային դրույթների ներքո գտնվող հոդված է, որը արդեն իրականացել է: Սա այն հոդվածն է, որի շնորհիվ ՍԴ նախագահը դարձել է «ցմահ» նախագահող: Այս հոդվածը ինքն է ժամկետները սահմանում և չի ենթարկվում որևէ հոդվածի, որը սահմանում է սրա իրականացված լինելը, և չի ստեղծում որևէ սահմանադրական կազուս:
բ. Թեկուզ մեկ այլ հոդվածի մեջ ներառվեր այս նոր հոդվածը, միևնույնն է, այն արժանանալու էր հակադիր բևեռի ամենավերջին ձևերով քննադատությանը, քանզի կորցնում են իրենց հայտարարած վերջին բաստիոնը:
Այս հարցի հանգուցալուծումը և այս հարցի հաղթահարման աղբյուրը ժողովրդի կամարտահայտումն է:
Երրորդ․ փորձենք հասկանալ, թե ինչ կարժենա այս փոփոխությունը մեզ համար: Ենթադրել կարելի է, որ կաստանանք մի շարք ռիսկեր, սակայն դրանք կլինեն և՛ կառավարելի, և՛ շահավետ՝ ռիսկերին համարժեք։
ա. Տնտեսական ոլորտը որոշակի, բայց թեթև ցնցումների ենթարկվելու ռիսկեր կունենա:
բ. Քաղաքական դաշտը ցնցումներ կապրի, քանզի մի շարք քաղաքական մեռելներ կվերակենդանանան և գարշահոտ կգցեն թարմացվող Հայաստանում:
գ. Ապագա ՍԴ-ի՝ ներկայիս իշխանության խամաճիկը լինելու ռիսկ կունենանք, որը բացառապես կախված է այդ մարդկանցից, ինչպես նաև իշխանության տրվելիք երաշխիքներից, որոնք կարող են բացառել դա:
դ. Այս հանրաքվեն կշղարշի Սահմանադրական փոփոխությունները կամ հետ կգցի Սահմանադրական փոփոխությունների հնարավոր մոտ ժամկետները, որի ռիսկը կարող է կանխել իշխանությունը՝ հայտարարելով փոփոխությունների մոտ ժամկետների մասին:
Ամեն դեպքում, այս ռիսկերով հանդերձ, քաղաքական ու հասարակական դաշտի պարզաջրում կիրականա: Արդարադատության համակարգի առողջացման ու հաստատման հիմնարար քայլ տեղի կունենա: Կոռուպցիոն ու կրիմինալ նախկին ռեժիմին ՍԴ հովանավորումն իսպառ կչեզոքացվի, և Մարտի 1-ի ու այլ գործերի արդար հանգուցալուծումը չի ուշանա:
Նարեկ Այվազյան