«Ինտեր»-ը հույսեր չի կապում թիմի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանի և հարձակվող Մաուրո Իկարդիի հետ: Sky Sport Italia-ին տված հարցազրույցում հայտնել է «Ինտեր»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան։
«Նախագիծ սկսելուց պետք է ճիշտ մարդկանց ընտրել:
Մենք խաղացողների հետ շփվելու հնարավորություն ենք ունեցել: Նրանց պայմանագրերի հանդեպ ամենայն հարգանքով՝ մենք բացատրել ենք ակումբի դիրքորոշումը, իսկ դա, իմ կարծիքով, ամենակարևորն է:
Երկու ֆուտբոլիստներն էլ գերազանց գիտեն, որ մեր պլանների մեջ չեն մտնում:Դա չի նշանակում, որ մենք կասկածի տակ ենք դնում նրանց տաղանդը կամ հնարավորությունները, անձամբ ես նրանց հիանալի խաղացողներ եմ համարում: Տաղանդը խաղեր է հաղթում, բայց առաջնությունում հաղթում են թիմերը, իսկ դա մեր նպատակն է:
Մի բան է, որ Իկարդին հանված է տրանսֆերի, լրիվ այլ բան է՝ պայմանագրային պարտավորությունները: Մենք համաձայնություն ունենք, ըստ որի՝ խաղացողին մարզումներին մասնակցելու իրավունք է վերապահվում, և մենք չենք պատրաստվում այդ իրավունքը նրանից խլել: Իսկ այ կազմի ընտրությունը մարզչի գործն է»,- ասել է Մարոտան: