Եվրոպայի Եվրոպոլ ոստիկանական գործակալության հաքերները և Բելգիայի դաշնային ոստիկանության փորձագետները հաջող կիբեռգրոհ են իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ինտերնետ-ռեսուրսի՝ Amaq լրատվական գործակալության վրա: Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը՝ հղում անելով Բելգիայի հատուկ ծառայությունների աղբյուրների։
Ինչպես փոխանցել են վերջիններս, գործողությունը, որի նախապատրաստումը տևել է շուրջ մեկ տարի, տեղի է ունեցել նոյեմբերի 21-22-ը: Գործողությամբ հաջողվել է արգելափակել այդ ռեսուրսի հետ կապված մի քանի հազար օգտահաշիվներ:
Amaq-ի գործունեությունը 2018 թվականին արդեն հաջողվել է խափանել, սակայն ԻՊ-ը կարողացել է մի քանի ամսվա ընթացքում վերականգնել իր լրատվական ռեսուրսի աշխատանքը: ԻՊ-ի հետ կապված լրատվական կայքերը ԵՄ-ում և ԱՄՆ-ում ներառված են արգելված ռեսուրսների ցանկերում, որոնք ենթակա են արգելափակման:

