Apple ընկերությունն սկսել է համագործակցել OpenAI-ի հետ, որի շրջանակում արհեստական բանականության (ԱԲ) ChatGPT չատբոտի հնարավորությունները կինտեգրվեն Siri ձայնային օգնականին, ինչպես նաև iOS-ի և Apple-ի այլ հարթակների այլ գործիքներին, այս մասին Apple-ը հայտարարել է երեկ տեղի ունեցած WWDC 2024 միջոցառման ժամանակ։
Apple-ի հետ համագործակցությունը հաստատել է նաեւ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը։ «Մենք ուրախ ենք հայտարարելու Apple-ի հետ համագործակցության մասին, որի շրջանակում այս տարվա վերջին ChatGPT-ն կինտեգրվի նրանց սարքերում: Կարծում ենք՝ այն ձեզ դուր կգա»,- գրել է Ալթմանը X սոցիալական ցանցի իր էջում։
ChatGPT-ն ամբողջությամբ անվճար հասանելի կլինի iOS 18, iPadOS 18 և macOS Sequoia օպերացիոն համակարգերի օգտատերերի համար։ Այն օգտագործելու համար հարկավոր չէ օգտահաշիվ ստեղծել: Apple-ը նաև նշում է, որ չատբոտը չի պահի օգտատերերի հարցումների պատմությունը: Հանրաճանաչ չատբոտը նաև ինտեգրվելու է iOS-ի բոլոր այն գործիքներում, որոնք գրելու գործառույթ ունեն։ Չատբոտի վճարովի տարբերակին բաժանորդագրվելու դեպքում հնարավոր է այն միացնել նաև Apple-ի արտադրանքներին։
Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Apple-ը բանակցություններ է վարում Microsoft-ի և Google-ի հետ՝ իրենց արհեստական բանականության տեխնոլոգիաները օպերացիոն համակարգերում ինտեգրելու հնարավորության շուրջ: Apple-ը, ի վերջո, ընտրել է OpenAI-ը որպես գործընկեր:
Աղբյուրը նաև գրում է, որ OpenAI-ի կողմից GPT-4o արհեստական բանականության մոդելի նոր տարբերակի թողարկումը նաև նպատակ ուներ ցույց տալու, թե ինչ գործառույթներ կարող են հայտնվել բարելավված Siri-ում։
OpenAI-ի հետ համագործակցության մասին հայտարարությունից բացի՝ Apple-ը նաև ներկայացրել է մի շարք նորարարություններ, որոնք հասանելի կլինեն iOS18-ի հետ։ Դրանց մասին կարող եք կարդալ այստեղ։