Իրանի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը ստորագրել է երկրի նախագահին ուղղված նամակի տակ, որով Հասան Ռոհանիին խնդրում է միջոցներ ձեռնարկել ու թույլ չտալ, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռանա Իրանի արտգործնախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։
Երկար տարիներ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Զարիֆը երեկ երեկոյան անսպասլի հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Իրանի նախագահն ու հոգևոր առաջնորդն ընդունել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Դրանից հետո նա իր ինստագրամյան էջում (միակ հայտնի սոցցանցը, որ արգելված չէ Իրանում) գրել է, որ չի կարող այլև զբաղեցնել այդ պաշտոնը։
Սակայն Իրանի նախագահը, որ պետք է ընդունի կամ չընդունի հրաժարականը, առայժմ չի հայտնել իր որոշման մասին։ Զարիֆը նախկինում ևս մեկ անգամ հրաժարական է տվել, որը չի ընդունվել։ Պատճառը, թերևս, այն է, որ Զարիֆը կարևոր ու արդյունավետ ֆիգուր է երկրի կառավարության կազմում։ Նրա պաշտոնավարման ընթացքում է, որ Իրանը կարողացել է համաձայնության գալ գերտերությունների հետ ու կնքել միջուկային գործարքը։

