fbpx
Իրավական

Իրանի 52-ամյա քաղաքացին դիտավորությամբ վնասել է ուրիշի գույքը. քրգործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ԻԻՀ 52-ամյա քաղաքացու կողմից ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան:

«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) 52-ամյա քաղաքացու կողմից ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, բնակվելով Էջմիածին քաղաքում, 2018թ. օգոստոս ամսին, Էջմիածին քաղաքի «Պետտնկարանի» տարածքում գտնվող և 67-ամյա բնակչին պատկանող այգու մոտ հանդիպել է նույն տարածքում որպես բանվոր աշխատող համաերկրացուն: Փոխադարձ լարված և թշնամական հարաբերություններից դրդված՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացին կրակայրիչով դիտավորությամբ այրել է վերոնշյալ տարածքում առկա չորացած խոտը, որի հետևանքով այրվել են 67-ամյա բնակչի այգու 40 հատ ծառերը՝ վերջինիս պատճառելով խոշոր չափի՝ 2.710.00 ՀՀ դրամ գույքային վնաս:

Բացի այդ, ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, խաբեության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 40-ամյա համաերկրացուն հայտնելով իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ՝ Էջմիածին քաղաքում իրեն պատկանող հողատարածքը մշակելու, 55.000 ԱՄՆ դոլարով վարձակալության իրավունքով տամադրելու վերաբերյալ, 2019թ. փետրվար ամսին վերջինիցս առձեռն ստացել է նշված գումարը, որը հափշտակել և ծախսել է իր կարիքների համար:

ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, նույն քաղաքում փոխադարձ համաձայնության գալով 54-ամյա մեկ այլ ԻԻՀ քաղաքացու հետ, հետագայում եկամուտը հավասար բաշխելու պայմանով, պարտավորվել է պահել Էջմիածին քաղաքի «խոզաբուծական» կոչվող տարածքում գտնվող վերջինիս պատկանող 304 գլուխ ոչխարները: Օգտագործելով 54-ամյա տղամարդու Հայաստանից բացակայելու առիթը, ԻԻՀ 52-ամյա քաղաքացին իրեն վստահված ոչխարները վաճառել է և դրա դիմաց ստացել 22.000 ԱՄՆ դոլար, որի մի մասը վերջինիս պահանջով վերադարձրել է, իսկ մնացածը պարտավորվել հետագայում վերադարձնել:

Բացի այդ, ԻԻՀ 52-ամյա քաղաքացին 2019թ. մարտի 3-ին՝ խաբեության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, վստահություն ձեռք բերելով՝ առաջարկել է ԻԻՀ 49-ամյա քաղաքացուն ներդրում կատարել Էջմիածին քաղաքում իր կողմից մշակվող հողատարածքում: Առձեռն ստանալով 2000 ԱՄՆ դոլարը, խաբեությամբ հափշտակել է այն՝ 49-ամյա տղամարդուն պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ