Այն երկրների թիվը, որոնք Իրանից նավթ էին գնում և լիովին դադարեցրել են դրա ներմուծումը, հասել է 23-ի, այդ թվում՝ այն երեք պետությունների հաշվին, որոնք ժամանակավորապես հանվել էին ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունից: Ապրիլի 2-ին այդ մասին հայտնել է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը Պետդեպարտամենտում լրագրողների համար կայացած ճեպազրույցում։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ն ութ երկրների ժամանակավորապես թույլատրել էր իրանական նավթ ներմուծել: «Կարող եմ ասել, որ դրանցից երեքի (իրանական նավթի) ներմուծման բաժինն այժմ հավասար է զրոյի: Դա մինչև 23-ի է հասցնում այն ներմուծողների թիվը, որոնք ավելի վաղ իրանական նավթ էին գնում, իսկ այժմ չեն գնում»,- ասել է Հուքը:
«Մեր նավթային պատժամիջոցները թույլ են տվել 2018 թվականի մայիսից շուկայից հանել արտահանման համար նախատեսված 1,5 միլիարդ բարել իրանական նավթ: Դա իրանական վարչակարգին զրկել է 10 միլիարդ դոլարի շահույթ ստանալու հնարավորությունից»,- հավելել է հատուկ ներկայացուցիչը:
Նրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ 26 փուլի ընթացքում Թեհրանի դեմ պատժամիջոցների ցուցակներ է մտել ավելի քան 970 ընկերություն: