Իրանի ԱԳՆ-ը մեղադրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության աջակցության համար։ Այս մասին հաղորդում է Mehr-ը։
ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը արվել է առանց միջազգային իրավունքի սկզբունքները հաշվի առնելու։
«Գեներալ Սոլեյմանիի սպանության ամերիկյան ռեժիմի գործողությունները արդարացնելը նշանակում է աչք փակել ահաբեկչության դեմ պայքարում, ԻՊ-ի ոչնչացման գործում այդ մեծ հրամանատարի դերի վրա»,-ասել է Մուսավին։
Նա ափսոսանք է հայտնել այն առումով, որ ՆԱՏՕ-ն վերածվել է տարածաշրջանում իրենց անբարո նպատակներին հասնելու համար ԱՄՆ-ի և նրա որոշ եվրոպական դաշնակիցների գործողություններն արդարացնող գործիքի։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատում է, որ անվտանգությունը կվերադառնա տարածաշրջան, երբ տրանստարածաշրջանային ուժերի ահաբեկչական գործունեությունը դադարեցվի, և տարածաշրջանի անվտանգության ապահովման պատասխանատվությունը փոխանցվի տարածաշրջանի երկրներին»,-նշել է նա։

