Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին այս շաբաթ Վաշինգտոնում ավարտել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների շարքը, որոնք նպատակ ունեին նոր էջ բացել Բաղդադի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերություններում: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, այցի ընթացքում ալ-Զաիդին հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ՝ քննարկելու առևտրային և անվտանգային համագործակցության ընդլայնումը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է հանդիպումների փաստը՝ շեշտելով, որ գործընկերության խորացումը կախված է Իրաքի կողմից իր ինքնիշխանությունը հաստատելու կարողությունից: Հեգսեթի խոսքով՝ Բաղդադը պետք է զինաթափի իրանամետ այն խմբավորումներին, որոնք պատասխանատու են այս գարնանը ամերիկյան անձնակազմի վրա իրականացված ավելի քան 600 հարձակումների համար: ԱՄՆ-ն աստիճանաբար վերանայում է իր ռազմական ներկայությունը՝ ակնկալելով, որ Իրաքի անվտանգության ուժերը, այդ թվում՝ Փեշմերգան, կստանձնեն ԻՊ-ի դեմ պայքարի առաջնային դերը՝ OIR առաքելության ավարտին զուգընթաց:
Դիվանագիտական այս նախաձեռնությունը, սակայն, բախվում է ներքին լուրջ մարտահրավերների: Իրաքում գործող իրանամետ ուժերը բացահայտ թշնամաբար են տրամադրված Վաշինգտոնի հետ մերձեցմանը: Shafaq News-ի փոխանցմամբ՝ «Ալ-Նուջաբա» շարժման գլխավոր քարտուղար Աքրամ ալ-Քաաբին քննադատել է ալ-Զաիդիի այցը՝ ԱՄՆ-ին մեղադրելով Իրաքի էներգետիկ ոլորտի ձախողման մեջ և մերժելով Թրամփի վարչակազմի դիրքորոշումը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի վերաբերյալ:
Չնայած դիմադրությանը՝ Սպիտակ տունը հույս ունի, որ գործարար անցյալ ունեցող ալ-Զաիդին կկարողանա կայունացնել երկրի վիճակը: Վարչակազմը հույսը դնում է անձնական դիվանագիտության վրա՝ Բաղդադում ավելի վստահելի գործընկեր ունենալու համար, պայմանով, որ իրաքյան կառավարությանը հաջողվի լուծել ներքին անվտանգային խնդիրները:

