fbpx
Քաղաքականություն

Իվետա Տոնոյանը՝ իր եւ Ծառուկյանի միջեւ եղած կոնֆլիկտի մասին


«Հայկական ժամանակ»-ը գրում ՝

Իվետա Տոնոյանը շարունակում է զբաղեցնել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Տոնոյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե աշխատանքից ազատվել է:

«Այդ հրապարակումը իրականության հետ աղերս չունի: Պարզ է, որ պատվիրատուն անհավասարակշիռ վիճակում է գտնվել կամ հոգեխանգարման նոպա է ունեցել: Ես շատ լավ հասկանում եմ, որ հողաթափիկ ինֆուզորիայի մակարդակի որոշ սուբյեկտներ իրենց համար ցանկալին փորձում են իրականություն ներկայացնել: Պետք է ասեմ, որ նրանք անհաջողության են մատնվելու: Ես նման մարդկանց խորհուրդ եմ տալիս բժշկի դիմել կամ մարսողական խմել, ասում են՝ օգնում է»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, որ նա հեռացվել է նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրենի պաշտոնից, Տոնոյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ես վաղուց «Կենտրոն» հ/ը-ում չեմ աշխատում: 2017 թվականի ապրիլի խորհրդական ընտրություններից հետո ես ԱԺ պատգամավոր եմ եւ չեմ հանդիսանում «Կենտրոնի» լրատվական ծառայության տնօրեն եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն»:

Մեր դիտարկմանը, որ նա «Կենտրոնում» դե ֆակտո զբաղվել է Գագիկ Ծառուկյանի մասին պատրաստվող ֆիլմերով եւ ռեպորտաժներով, Տոնոյանն ասաց. «Ես, որպես պարոն Ծառուկյանի մամուլի խոսնակ, բոլոր հեռուստաընկերությունների եւ կայքերի հետ աշխատում եմ, իսկ «Կենտրոնը» բացառություն չի կարող լինել:

Մամուլը գրել էր նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը որոշել էր անձամբ պատասխանել Էդմոն Մարուքյանի լայվում իր հասցեին հնչած մեղադրանքներին, սակայն նկարահանումները չեն ստացվել, եւ Ծառուկյանին թվացել է, որ դրա պատասխանատվությունը պետք է բարդել Տոնոյանի վրա: Ի վերջո, որոշվել է ԲՀԿ-ի անունից հայտարարություն տարածել: «Ես արդեն իսկ նշեցի, որ հրապարակումը ծայրից ծայր սուտ է իր մեջ պարունակում, իրականության հետ աղերս չունեն»,- եզրափակեց Տոնոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ