«Սայնֆելդ» սերիալի 1998 թվականին ցուցադրված վերջին դրվագից տասնամյակներ անց դրա ավարտը շարունակում է մնալ հակասական քննարկումների առարկա։ Հեռուստատեսային ակադեմիային տված հարցազրույցում Ջեյսոն Ալեքսանդրը, որը մարմնավորել է Ջորջ Կոստանզայի կերպարը, անդրադարձել է եզրափակիչ դրվագի շուրջ ստեղծված ճնշմանը, որը, չնայած 76 միլիոն հանդիսատեսին, հիասթափեցրել էր շատերին:
Ալեքսանդրը պնդում է, որ ստեղծագործական թիմը ինքն իրեն դրել էր անելանելի վիճակում՝ փորձելով ստեղծել մեծ իրադարձություն, այլ ոչ թե սովորական դրվագ։ «Ամենախելամիտը, որ կարող էինք անել, եզրափակիչ չնկարահանելն էր», – ասել է Ալեքսանդրը։ «Մենք պարզապես պետք է նկարահանեինք հերթական սերիան և ավարտեինք»։ Նրա խոսքով՝ հանրության սպասելիքները չափազանց մեծ էին, և դրանք արդարացնելը գործնականում անհնար էր:
Չնայած այն հանգամանքին, որ շատերը եզրափակիչը համարել են «հիասթափություն», Ալեքսանդրի կարծիքը ժամանակի ընթացքում փոխվել է։ 2019 թվականին սոցցանցերում նա պաշտպանել էր եզրափակիչ դրվագի կառուցվածքը՝ նշելով, որ նախկին հյուրերին վերադարձնելը սերիալի պատմությունը նշելու «օրգանական» միջոց էր։ Նա շեշտում է, որ սերիալի ժառանգությունը մնում է անխոցելի, քանի որ դրա հիմնական ուժը՝ հումորը սյուժեից վեր դասելը, չէր կարող տուժել մեկ անհաջող ավարտից:
Ալեքսանդրը նաև քննադատել է «ոչնչի մասին շոու» պիտակը՝ բացատրելով, որ սցենարիստները առաջնահերթությունը տալիս էին ծիծաղելի երկխոսություններին, այլ ոչ թե ավանդական պատմողական կառուցվածքին, ինչն էլ սերիալին դարձրեց հեռուստատեսային ֆենոմեն։

