fbpx
Հասարակություն

Ջավախքում ջրաղացները դեռ չեն վերացել

Կյանքի ընթացքի արագացման հետ մեկտեղ ջրաղացին փոխարինում են էլեկտրական աղացները, բայց Ջավախքի Կուլիկամ գյուղում, 84-ամյա Մնացական Շախբեկյանը շարունակում է պապական գործը և պապական ջրաղացը կփոխանցի ավագ որդուն: Այս մասին գրում է Jnews.ge-ն։

Կուլիկամ գյուղում ջրաղացը իր տեսակի մեջ միակներից է, եթե ոչ միակը: Աստիճանաբար ջրաղացպաններն անցել են էլեկտրական աղացին, քանի որ այն ավելի արագ է աղում, սակայն ոչ այնքան մանր, որքան ջրաղացը: Մարդիկ միշտ ջրաղաց են փնտրում, եթե ուզում են աղալ իրենց հացահատկեղենը, բայց շատերն արդեն չեն գտնում:

Մնաց պապի ջրաղացը կառուցվել է 1843 թվականին։ Նրա նախնիները Կուլիկամ գյուղ են տեղափոխվել Արևմտյան Հայաստանից, Սնկարիչից: Շախբեկյանները ժառանգական ջրաղացպաններ են: Տեղափոխվելով այստեղ, նրանք կառուցել են իրենց ջրաղացը:

«Միայն Կուլիկամ գյուղում 75 աղացաքար կար, նրանք կառուցել էին այնպիսիք, ինչպիսիք եղել են Արևմտյան Հայաստանում», – թախծով հավելում է Մնացական պապը և պատմում, որ եղել են ժամանակներ, երբ մարդիկ իրենց հացահատկային մշակաբույսերը աղալու համար բերում էին Կուլիկամ, իսկ հիմա, ինչ հայտնվել են էլեկտրական աղացները, մարդիկ տանում են այնտեղ:

Ջրաղացում Մնաց պապն ունի մի քանի աղացաքար՝ մեծ և փոքր աղացներ, ինչպես նաև երկանք կորկոտ աղալու համար։:

«Ջրաղացները, որոնք էլեկտրական հոսանքով են աշխատում, արագ են մանրացնում ցորենը, մինչ իմ ջրաղացը 1 պարկ է աղում, էլեկտրականն աղում է 3 պարկ», – ասում է Մնացական Շախբեկյանը:

Նա մանրամասն պատմում է ջրաղացի և երկանքի աշխատանքի մասին: Երկանքը նույնպես գտնվում է աշխատանքային վիճակում, և, Մնաց պապի խոսքերով, վերջին անգամ այն աշխատել է մեկ շաբաթ առաջ:

Ջրաղացպանն ասում է, որ հացահատիկայինները պետք է չոր լինեն: Աղալու համար հացահատիկ բերում են Բավրա, Խուլգումո, Կարտիկամ գյուղերից, ինչպես նաև քաղաքից:

Խորհրդային տարիներին ջրաղացը ծառայել է կոլտնտեսությանը: Սակայն, Խորհրդային Միության փլուզումից հետո, 1993թ-ին Մնացական Շախբեկյանը դատարանի միջոցով պաշտպանել է իր սեփականության իրավունքը:

Մնացական պապը ջրաղացպանի գործը ժառանգել է հայրիկից, իսկ ավագ որդին կշարունակի իր գործը:

«Կրտսեր որդիս չի ցանկանում, նա Մոսկվայում է, իսկ ավագս արդեն օգնում է ինձ, երբ ինչ-որ բան փչանում է, նա է վերանորոգում: Երբ ջուրը քիչ է լինում, ջրաղացը չի կարող աշխատել », – ասում է Մնացական Շախբեկյանը:

Մարդկության զարգացմանը զուգընթաց ավանդականը փոխարինվում է նորով, մեխանիզացվածով, էկոլոգիապես ոչ այնքան մաքուրով, մինչ այժմ պատմությունը «պահպանվում է» շնորհիվ առանձին մարդկանց …

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ