Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եվրոպացի իր գործընկերներին հայտնել է, որ պետք չէ թերագնահատել երկրի վճռականությունը առանց գործարքի Brexit-ի հարցում, ինչը պատմական մասշտաբի մոլորություն կլիներ: Այս մասին հայտարարել է Ջոնսոնի ներկայացուցիչը՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստայի հետ նրա անցկացրած բանակցությունների արդյունքները:
«Մեծ Բրիտանիան մեծ ու կարևոր առաջարկություն է արել, բայց եկել է ժամանակը, որ Եվրահանձնաժողովը նույնպես փոխզիջումների պատրաստակամություն դրսևորի: Եթե դա տեղի չունենա, Brexit-ը կկայանա առանց գործարքի»,-ասել է Ջոնսոնի ներկայացուցիչը:
Անդրադառնալով ընդդիմության ճնշման ներքո ընդունված օրենքին, որը Ջոնսոնին պատվիրում է ԵՄ-ից բանակցությունների երեք ամսով հետաձգում խնդրել, եթե մինչև հոկտեմբերի 19-ը կողմերը չգան փոխմբռնման նա ասել է. «Կապիտուլյացիայի մասին օրենքը և դրա հեղինակները վնասում են բանակցություններին, բայց եթե ԵՄ-ի ղեկավարները հույս են դնում այն բանի վրա, որ այդ օրենքը կկանխի առանց գործարքի դուրս գալը, ապա դա պատմական մասշտաբի մոլորություն կլինի»:
Նախագահ Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ԵՄ-ն մինչև այս շաբաթվա վերջը կորոշի՝ հնարավոր է արդյոք Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության հասնել Brexit-ի շուրջ:

