fbpx
Իրավական

Հոգեբուժական բաժանմունքում օտարերկրացի կալանավորված անձը ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հաշվառված օտարերկրացի կալանավորված անձի իրավունքների խախտման որոշում է կայացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանկարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ իրականացրած արագ արձագանքման այցի ընթացքում արձանագրել են, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հաշվառված օտարերկրացի կալանավորված անձը փակ ռեժիմային գոտում պահվել է մեկուսի, որտեղ ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ:

Խախտման որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ քրեակատարողական հիմնարկներում փաստացի անազատության մեջ գտնվելու ընթացքում օտարերկրացի կալանավորված անձի համար պետությունը չի ապահովել անհրաժեշտ և բավարար պահման պայմաններ, ազգականների հետ կապ, ոչ հոժարակամ հոգեբուժական օգնության և սպասարկման պատշաճ տրամադրում, անձի համար մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, վնասվածքների պատշաճ զննություն ու արձանագրում, ինչի արդյունքում խախտվել են անձի առողջության պահպանման, անձնական անձեռնմխելիության, արտաքին աշխարհի հետ կապի պահպանման, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքները:

Մարդու իրավունքների պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է, որ կալանավորված անձի նկատմամբ առանց իր համաձայնության և այլ անհրաժեշտ իրավական հիմքերի, հարկադրաբար իրականացվել է հոսպիտալացում, իր կամքին հակառակ, առանց պատշաճ հիմնավորման, կիրառվել են բժշկական միջամտություններ՝ մեկուսացման և հանդարտեցման դեղորայքային միջոցներ: Արդյունքում, կալանավորված անձը զրկված է եղել սեփական մարմնի նկատմամբ իրականացվող բժշկական միջամտության վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել են վերջինիս ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և առողջության պահպանման իրավունքները:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի նկատմամբ հոգեբուժական բաժանմունքում ինչպես հոսպիտալացումը, այնպես էլ փաստացի ոչ հոժարակամ բուժումն իրականացվել են օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով, ինչն էլ հանգեցրել է նաև անձի՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման:

Պարզվել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կատարած ինքնասպանության փորձից հետո բժիշկ մասնագետների կողմից պատշաճ բժշկական զննության չի ենթարկվել և պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Հոգեբույժի կողմից զննվել է դեպքից միայն 4 օր հետո։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, հիվանդության պատմագրում բացակայել են կալանավորված անձի մեկուսի պահելու հիմքերը, առկա չի եղել հոգեբուժական հանձնաժողովի կամ բժիշկ-հոգեբույժի կողմից համապատասխան և պատճառաբանված որոշումը: Խախտման որոշմամբ արձանագրվել է, որ քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնակատարի կողմից կայացվել է որոշում՝ կալանավորված անձին՝ փակ ռեժիմի գոտու հիվանդախցում միայնակ պահելու մասին, որը եղել է առանց բավարար հիմքերի:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ օտարերկրացի կալանավորված անձին հասկանալի լեզվով, համապատասխան թարգմանչի միջոցով չեն իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաև հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ:

Միայն Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ է կալանավորված անձին տրամադրվել անկողնային պարագաներ և սպասք:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակում իրականացվող մշտադիտարկումը վկայում է, որ նմանատիպ դեպքերը գործնականում ունեն տարածում: Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք անձանց հոսպիտալացնելու, ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, զսպման միջոցներ կիրառելու ընթացակարգերը չպահպանելու, անձի մոտ առկա վնասվածքները չարձանագրելու, անձին մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, արտաքին աշխարհի հետ կապ և պահման պատշաճ պայմաններ չապահովելու, դրանց վերաբերյալ տեղեկացվածության ցածր մակարդակի, ինչպես նաև նշվածի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք են:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ