fbpx
Կառավարություն

Փոխվարչապետը Լոռու մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 2-ին հերթական մարզային այցի շրջանակում եղել է Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Լոռի Բերդ, Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում։ Փոխվարչապետը տեղում ծանոթացել է սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող աշխատանքներին, տվել է մի շարք հանձնարարականներ։

Աշխատանքային այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, համայնքապետներ, այլք։

Վանաձոր համայնքում Համբարձում Մաթևոսյանն այցելել է կառուցվող թիվ 8 մանկապարտեզի նոր մասնաշենքի, Աղայան փողոցի 1 կմ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակներ, ծանոթացել 2021 թվականին սուբվենցիայի ծրագրերով մեկնարկած աշխատանքների ընթացքին, այնուհետև եղել է նույն համայնքի Սայաթ-Նովայի անվան վերակառուցվող զբոսայգում, որտեղ փոխվարչապետին ներկայացվել են 43000 քմ մակերեսով այգու արդիականացման աշխատանքները։

Փոխվարչապետը Վանաձորի Համերաշխության պուրակում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։

Համբարձում Մաթևոսյանի հաջորդ կանգառը եղել է Ալավերդի և Թումանյան համայնքներում, որտեղ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հիմնանորոգվել են Սանահին կայարան-Հաղպատ 14,16 կմ երկարությամբ ճանապարհը, այդ թվում՝ Ալավերդի քաղաքը շրջանցող զույգ կամուրջները։ Փոխվարչապետն այցելել է նաև Թումանյան-Սանահին կայարանի 9,69 կմ երկարությամբ ճանապարհի շինհրապարակ, որտեղ ներկայում իրականացվում են միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման աշխատանքներ։

Ալավերդի համայնքի Ակներ բնակավայրում՝ դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածում, 2022-2023 թվականների ընթացքում նախատեսվում է հիմնանորոգել զբոսաշրջության զարգացման համար ընտրված, անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածը։ Փոխվարչապետ Մաթևոսյանը նաև այդ ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին է ծանոթացել, որից հետո այցելել է Լոռի Բերդ համայնք, որտեղ ավարտվել են 2021 թվականին մեկնարկած Կողես բնակավայրի 580 մ երկարությամբ ճանապարհի տուֆ քարով սալարկման աշխատանքները։

Համբարձում Մաթևոսյանի Լոռու մարզ կատարած այցի վերջին երկու կանգառները եղել են Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում, որտեղ «ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակում համապատասխանաբար իրականացվում են Ստեփանավան քաղաքի կամրջի և Մ-3 միջպետական ճանապարհի, ինչպես նաև Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 144-020-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներ։

Նշված երկու համայնքներում աշխատանքների մեկնարկը տրված են․ դրանք կավարտվեն 2022 թվականի նոյեմբերին։

Փոխվարչապետ Մաթևոսյանը համայնքներ կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև տեղի բնակիչներին, զրուցել նրանց հետ մթերումների հետ կապված հարցերի, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի մասին՝ հորդորելով օգտվել պետության կողմից տրված այդ հնարավորությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ