fbpx
Տնտեսություն

ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 2022-ին կանխատեսում է 8 տոկոս տնտեսական աճ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը վերանայել է Հայաստանի համար տնտեսական աճի կանխատեսումը, բանկը կանխատեսում է, որ 2022-ի արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 8 տոկոս: ՎԶԵԲ-ը հրապարակել է իր վերջին «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարները» զեկույցը:

ՎԶԵԲ-ն իր կայքում նաև հոդված է հրապարակել՝ վերնագրելով «Տնտեսական ուժեղ ցուցանիշներ՝ Կովկասում աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում»: Նշվում է, որ տարածաշրջանի երկրները գրանցում են վերջին տարիների իրենց ամենաբարձր աճի տեմպերը, սակայն տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է ժամանակավոր գործոններով, որոնք կարող են հեշտությամբ փոխվել:

Ընդգծվում է, որ Հայաստանն ու Վրաստանը շահում են ռուսաստանյան բիզնեսների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հոսքից, որոնք խթանում են փոքր տնտեսությունների սպասարկման ոլորտները:

«Հայաստանում տնտեսության ամուր վերականգնումը նկատվել է 2021-ին, աճը ուժեղ թափ է առել 2022-ին: Հայաստանի տնտեսական ակտիվության աճը հունվար-հուլիս ընկած ժամանակահատվածում հասել է 13,1 տոկոսի»,-ասված է ՎԶԵԲ հաղորդագրությունում:

Նշվում է, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում Ռուսաստանից բազմաթիվ մարդկանց և ընկերությունների ժամանումը հանգեցրել է արտասահմանյան ներհոսքի աճի և ծառայությունների պահանջարկի ավելացման:

«Սա օգնել է Հայաստանին ֆինանսավորել իր աճող առևտրային դեֆիցիտը։ Արտաքին պահուստներն աճել են 20 տոկոսով, իսկ փոխարժեքը՝ 18 տոկոսով։ Ըստ զեկույցի՝ 2022-ի համար կանխատեսվում է 8 տոկոս կայուն աճ՝ նախորդ՝4. 5 տոկոս աճի կանխատեսման դիմաց: Իսկ 2023-ին կդիտվի դանդաղում՝ մինչև 4 տոկոս նվազում: Այնուամենայնիվ, 2023 թվականի համար աճի վերջին կանխատեսումը ավելի վաղ կանխատեսած 2.5 տոկոսից բարձր է մնում, այսինքն՝ 4 տոկոս»,-ասված է ՎԶԵԲ հաղորդագրությունում:

2021-ին Հայաստանի համար ՎԶԵԲ-ը կանխատեսել էր 5.7 տոկոս տնտեսական աճ, իսկ 2020-ին՝ 7.2 տոկոս անկում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ