ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այն կարծիքին է, որ Ուկրաինան այժմ վտանգավոր պահեր է ապրում, և ձմռանն իրավիճակը կարող է է՛լ ավելի սոսկալի դառնալ։ Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Բայդենի վարչակազմի պաշտոնյաները համակարծիք են այն հարցում, որ Ուկրաինան վտանգավոր պահեր է ապրում: Ձմռանը տեղում իրավիճակն, ամենայն հավանականությամբ, ավելի սոսկալի կդառնա, քանի որ Ռուսաստանն ավելի շատ հրթիռներ է արձակում ուկրաինական ռազմական և կարևոր ենթակառուցվածքների ուղղությամբ», – գրում է հրատարակությունը:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ դա ավելի մեծ թվով ուկրաինացիների կստիպի տեղափոխվել երկրի այլ տարածաշրջաններ կամ արտասահման։ ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերել Կիևին էներգետիկ ցանցերը վերանորոգելու համար, սակայն ուկրաինական քաղաքներում երկար ժամանակով հոսանքազրկումներ են լինում։