fbpx
Առողջապահություն

Կարագը բուսական յուղով փոխարինելը բարելավում է սրտի առողջությունը

Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի (Շվեդիա) և Գերմանիայի մարդու սննդի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ չհագեցած ճարպերով (բուսական յուղերով) հարուստ մթերքների օգտին կարագից խուսափելը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 113 մարդ։ 16 շաբաթվա ընթացքում մի խումբը սնվել է հագեցած կենդանական ճարպերով հարուստ սննդակարգով, իսկ մյուս խումբը՝ բուսական ծագման չհագեցած ճարպերով:

Հագեցած ճարպերն ունեն ամուր խտություն և հիմնականում կենդանական ծագում ունեն։ Դրանք հանդիպում են խոզի ճարպի, նրբերշիկի, պանրի, սերուցքի, կաթի, կարագի, ինչպես նաև որոշ բուսական մթերքների՝ արմավենու և կոկոսի յուղերի մեջ։ Չհագեցած ճարպերը ստացվում են բուսական նյութերից՝ կանճրակից, արևածաղկից, կտավատից։

Գիտափորձն ավարտելուց հետո գիտնականները լաբորատոր հետազոտությունների համար արյան նմուշներ են վերցրել մասնակիցներից և սկսել հետևելլ կամավորներին։ Մի քանի տարվա ընթացքում հետազոտողները գրանցել են սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի ավելի ու ավելի շատ նոր դեպքեր: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք ավելի շատ էին օգտագործում բուսական ծագմամբ չհագեցած ճարպեր պարունակող մթերքներ, ավելի հազվադեպ էին ունենում այդ պաթոլոգիաները, քան նրանք, ովքեր նախընտրում էին հագեցած ճարպերը:

Գիտնականները բացատրել են, որ առողջ բուսական յուղերի օգտագործումը (ձիթապտղի, կտավատի սերմեր) օգնում է բարելավել արյան լիպիդային (ճարպային) պրոֆիլը: Լիպիդային պրոֆիլը որոշվում է տրիգլիցերիդների, ընդհանուր խոլեստերինի և տարբեր խտության լիպոպրոտեինների խոլեստերինի մակարդակով: Օրգանիզմում այս միացությունների նորմալ խտությունների դեպքում նվազում է աթերոսկլերոզի, հիպերտոնիայի և սրտային ու անոթային հիվանդությունների այլ գործոնների զարգացման հավանականությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ