Կառավարությունը խոստանում է անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ

gumar

Ամենադիտվածներ

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում ՀՀ կառավարությունն արձանգրում է, որ կոռուպցիան շարունակում է մարտահրավեր լինել իրավական, անվտանգ, տնտեսապես զարգացած, ժողովրդավարական պետության կայացման համար։

Նշվում է, որ կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները։

Ակնկալվում է հնարավորինս սեղմ ժամկետում ամբողջ ծավալով գործարկել Հակակոռուպցիոն կոմիտեն և Հակակոռուպցիոն դատարանը։ Նորաստեղծ հակակոռուպցիոն մարմինները կհամալրվեն արժանիքահենք հիմունքներով ընտրված արհեստավարժ և բարեվարք կադրերով, կապահովվեն ենթակառուցվածքային և նյութատեխնիկական հագեցվածությամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի գործունեության շնորհիվ կբարձրանա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և գործերի քննության արդյունավետությունը։

Նշվում է, որ կառավարությունը վճռական է ապօրինի ծագում ունեցող գույքը պետությանը վերադարձնելու հարցում, ուստի շարունակելու է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի զարգացումը և գործնականում դրանց արդյունավետ կիրառմանն աջակցությունը:

Կառավարությունը մտադիր է պետական և տեղական մակարդակում իրականացնել կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատում և դրա հիման վրա մշակել միջոցառումների ծրագրեր: Հանրային ծառայության ոլորտում նվազագույնի կհասցվեն կոռուպցիոն ռիսկերը: Իրականացված ծրագրերի արդյունավետությունը գնահատելու և ըստ այդմ ապացուցահենք հակակոռուպցիոն քաղաքականություն ունենալու նպատակով զարգացվելու են հակակոռուպցիոն ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմները:

Նշվում է նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է դառնա արժեհամակարգի մաս և քաղաքացիների մեջ պետք է ձևավորվի անձնապես կոռուպցիան ժխտելու և դրա դեմ պայքարելու վարքագիծ։ Կառավարությունը գիտակցում է, որ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթ պետք է ձևավորել մանկուց։ Հենց այդ պատճառով կրթության բոլոր օղակներում կներառվեն հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ առարկայական ծրագրեր։

Ամենաթարմ