Չզեկուցվող հարցերից մեկով Կառավարությունը 2 միլիարդ 318 միլիոն դրամ է հատկացրել աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար: Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում:
Ընդգծվում է, որ նախագծի իրականացումը կնպաստի մեր երկրում մշակութային կյանքի աշխուժացմանը, Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, երկրի տնտեսական աճի ապահովմանը:
Ակնկալվում է, որ ծրագրին կմասնակցի 20-25 հազար մարդ, բացի այդ, արտերկրից հատուկ համերգի նպատակով Հայաստան կժամանի 5-6 հազար զբոսաշրջիկ: Ինչ վերաբերում է արտիստի ընտրությանը, ապա ըստ Կառավարության հիմնավորման՝ դա պայմանավորված է այս տարի ժամանակակից երաժշտության աշխարհում Սնուփ Դոգի մեծ պահանջարկով, ինչպես նաև նրանով, որ ներկայացվելու է յուրահատուկ շոու ծրագիր: Շեշտվում է, որ միջոցառման ավարտից հետո այն կազմակերպող ընկերությունը միանվագ պետական բյուջե հետ կվճարի 24 միլիոն 381 հազար հազար դրամ, որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը։
Բյուջե կվերադարձվի նաև տրամադրված դրամաշնորհի գումարից պակաս գումար ծախսվելու դեպքում առաջացած տարբերությունը: